«Հայաստանի հետ համաձայնագիրը կստորագրվի, կասկած չկա»․ ԵՄ հանձնակատար

Նախևառաջ ուզում եմ հենց սկզբից հստակեցնել՝ այս համաձայնագիրը կստորագրվի, դրանում կասկած չկա՝ կամ գագաթաժողովի ժամանակ, կամ այդ նույն ժամանակահատվածում։ Սա հստակ է, և որևէ քննարկում չկա։ Այսպես է պատասխանել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի այն հարցին, թե արդյոք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվելու է։

«Հայաստանի համար կարևոր է ստորագրումը, տեսնում ենք տարբեր միտումներ, մեր ժողովուրդը ունի հարուստ երևակայություն։ Լսեցինք, որ բոլոր լեզուներով թարգմամված չէ համաձայնագիրը, հետո լսեցինք, որ մեր հարևան պետությունը, որի հետ հակամարտության մեջ ենք, կարող է արգելակել ստորագրումը։ Իմ առաջարակությունն է, որ Եվրոպայի կողմից հստակ և արագ արձագանքներ լինեն, օրինակ՝ որ որևէ խնդիր չկա այդ համաձայնագրի թարգմանության հետ, որևէ տեխնիկական խնդրիրներ չկան»,- Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Հանին հարց է ուղղել քաղաքագետը։

«Նախևառաջ ուզում եմ հենց սկզբից հստակեցնել՝ այս համաձայնագիրը կստորագրվի Հայաստանի հետ, դրանում կասկած չկա՝ կամ գագաթաժողովի ժամանակ, կամ այդ նույն ժամանակահատվածում։ Սա հստակ է, և որևէ քննարկում չկա։ [In order to clarify from the very beginning this agreement with Armenia will be signed, no doubt about it. I think it’s pretty sure that this will be done around the summit or at the summit. So this is clear, and no discussion about it]։ Առաջին անգամ համաձայնագիր է ստորագրվում, և սա կարևոր է, Եվրասիական տնտեսական միության անդամի հետ։ Այսինքն, հնարավոր է լինել ԵՏՄ-ի անդամ և ունենալ հեռուն գնացող համաձայնագիր Եվրամիության հետ։ Դա ցույց է տալիս, որ համակեցությունը հնարավոր է՝ ի շահ ժողովրդի, այս դեպքում՝ հայերի։ Դա կարող է նաև որպես ուղեցույց ծառայել մյուսների համար»,- հայտարարել է հանձնակատարը։ Հանի մեկնաբանությունում «հետաձգման» մասին որևէ խոսք չկա։

Ֆորումին մասնակցող «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ազատությանը» փոխանցել է, որ Հանի խոսքով՝ համաձայնագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա, թեև «հնարավոր է՝ դա տեղի չունենա նոյեմբերի 24-ին Բրյուսելում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ»:

Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով համաձայնագրի ստորագրման մասին «Ազատության» հարցին՝ ասել է, որ «տեղյակ չէ, թե ինչ խնդիրներ են առաջացել հետաձգման համար, ուստի չի կարող ասել, թե ինչու է Հանը նման հայտարարություն արել»։

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ՝ Յոհանես Հանին ուղղված հարցը և պատասխանը լսել 20։14 րոպեից այստեղ։

Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի ստորագրումը նախատեսված է նոյեմբերին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովին։

Իշխող Հանրապետական կուսակցությունից վերջին շաբաթներին կարծիքներ են հնչում, որ հնարավոր է՝ համաձայնագրի ստորագրումը տեղի չունենա բրյուսելյան գագաթաժողովի ժամանակ։

Մասնավորապես, ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը tert.am-ի հետ զրույցում ասել է, որ Եվրամիության անդամ պետություններ կան, որոնք դեռևս չեն հասցրել թարգմանել ՀՀ-ԵՄ համագործակցության փաստաթուղթը, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին:

Հոկտեմբերի կեսին Հայաստանի արտգործնախարարությունը հրապարակել է Եվրոպական Միության հետ ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոչ պաշտոնական թարգմանությունը։ Փաստաթուղթը՝ հայերեն տարբերակով՝ հավելվածներով, բաղկացած է մոտ 400 էջից։

Համաձայնագրի անգլերեն տեքստը՝ այստեղ։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին ՍիվիլՆեթը զրուցել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի համակարգող Միքայել Հովհաննիսյանի և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել