Պուտինը հրահանգել է դուրս բերել ՌԴ զինված ուժերը Սիրիայից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է դուրս բելել ռուսաստանյան զինված ուժերը Սիրիայից։ Այս հայտարարությունը նա արել է Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազայում, որտեղ ժամանել է այսօր առավոտյան։ Պուտինին դիմավորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Սիրիայում ռուսաստանյան զորախմբի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը։

Ռազմաբազայում ունեցած իր ելույթում Պուտինն ասել է, որ ՌԴ զինված ուժերը սիրիական բանակի հետ համատեղ ջախջախել են միջազգային ահաբեկիչներին Սիրիայի տարածքում։

«Դուք հաղթանակով եք վերադառնում հայրենի օջախներ, մտերիմների, ծնողների, կանանց, երեխաների ու ընկերների մոտ։ Հայրենիքը ձեզ սպասում է, ընկերներ։ Բարի ճանապարհ։ Շնորհակալ եմ ձեզ ծառայության համար»,- հայտարարել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև ասել է, որ Սիրիայում մշտական հիմունքներով կգործարկվի ռուսաստանյան երկու տեղակայման կետ՝ Տարտուսում և Հմեյմիմում։ Կշարունակի իր աշխատանքը Սիրիայում հաշտեցման ռուսաստանյան կենտրոնը։

Սիրիայում ռուսաստանյան օպերացիայի ավարտի մասին Պուտինը հայտարարել էր Սոչիում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպմանը։

Սիրիայում ՌԴ օպերացիան սկսվել էր 2015թ․։ Սեպտեմբերի 30-ին ռուսական ռազմաօդային ուժերը Սիրիայում՝ Լաթաքիայի ռազմակայանից, հասցրել էին առաջին օդային հարվածները «Իսլամական պետության» դիրքերին: Նույն օրը՝ ավելի վաղ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն էր տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ:

Մեկնաբանել