Ովքե՞ր են խորհրդարանական մրցապայքարի մասնակից ուժերի առաջին համարները

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցում է ինը քաղաքական ուժ, որոնք նոյեմբերի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց համամասնական ցուցակները։ ՍիվիլՆեթը անդրադառնում է ցուցակների առաջին համարների անցած ճանապարհին։

Նիկոլ Փաշինյան, «Իմ քայլը» դաշինք

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի առաջին համարը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է։ Մինչև այս տարվա մայիսը Հայաստանի ամենահայտնի ընդդիմադիրներից էր։ 1999-2012թթ․ Փաշինյանը Հայաստանում ամենամեծ տպաքանակ ունեցող թերթերից մեկի՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրն էր։ Այդ ժամանակահատվածում նրա մեքենան հրկիզվել է, խմբագրությունը մի քանի անգամ ենթարկվել է հարձակումների։

2007-ին Փաշինյանը այլ գործիչների հետ հիմնադրեց ընդդիմադիր «Իմպիչմենտ» դաշինքը և մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, բայց չանցավ խորհրդարան։ Մեկ տարի անց Փաշինյանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամներից էր։

Փաշինյանը 2008-ի նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի զանգվածային հավաքների կազմակերպիչներից էր։ Մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների հաջորդ առավոտյան նա անցավ ընդհատակ ու մեկուկես տարի մնաց ընդհատակում։ 2009-ին Փաշինյանը կամավոր վերադարձավ՝ հանձնվելով դատախազությանը։

2010-ին Փաշինյանը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Մոտ երկու տարի անց նա համաներմամբ ազատ արձակվեց, իսկ 2013-ին համախոհների հետ հիմնադրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն էլ նախաձեռնեց 2018-ի ապրիլ-մայիսին Թավշյա հեղափոխությունը։

Համաժողովրդական ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանն այս տարվա մայիսի 8-ին ընտրվեց վարչապետ։ Փաշինյանը մասնագիտությամբ լրագրող է, սակայն այդպես էլ չի ավարտել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ հեռացման պատճառով։ Ըստ լուրերի՝ Փաշինյանը քննադատել էր նույն ֆակուլտետի դեկանի քրոջը, որի համար էլ հեռացվել էր համալսարանից։ Հետագայում նա մերժել է ավարտական դիպլոմ ստանալու և կրթությունը շարունակելու առաջարկները։

Վիգեն Սարգսյան, Հանրապետական կուսակցություն

Հանրապետական կուսակցության ցուցակը խորհրդարանական արտահերթ ընտրություններում կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Նա ՀՀԿ անդամ է արդեն երկու տարի։ Սարգսյանը պետական ապարատում իր աշխատանքը սկսել է 1995-ից։

ՀՀՇ իշխանության օրոք նա եղել է ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի, իսկ 2003-2009թթ․՝ Ռոբերտ Քոչարյանի օգնականը։ 2009-ից երկու տարի Սարգսյանը եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ապա՝ աշխատակազմի ղեկավարը։

2016-ին Վիգեն Սարգսյանը դարձավ պաշտպանության նախարար և նախաձեռնեց կրթական տարկետման կարգի փոփոխություն։ Նա «1000 դրամ» կոչվող նախաձեռնության հեղինակներից է, որով աշխատող քաղաքացիներից գանձվում է 1000-ական դրամ՝ վիրավոր կամ զոհված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցելու համար։

2018-ի նոյեմբերի 11-ին Վիգեն Սարգսյանը դարձավ ՀՀԿ առաջին փոխնախագահ։ Վիգեն Սարգսյանը կառավարման, դիվանագիտության ու իրավունքի մասնագետ է։

Արամ Սարգսյան, «Մենք» դաշինք

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ղեկավարում է «Մենք» դաշինքը։ 1999-2000թթ․ եղել է վարչապետ, ապա հրաժարական ներկայացնելով՝ հիմնել է «Հանրապետություն» կուսակցությունը, որը Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամենախիստ քննադատներից էր։

Արամ Սարգսյանը 2003-ին «Արդարություն» դաշինքի կազմում մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, ընտրվել, սակայն հրաժարվել է վերցնել մանդատը՝ այդպիսով բոյկոտելով ԱԺ աշխատանքները։ «Հայ ազգային կոնգրեսի» կազմում 2012-ին Սարգսյանը մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, սակայն դարձյալ մանդատը չի վերցրել՝ ՀԱԿ-ի հետ հակասությւոններ ունենալու պատճառով։

Խորհրդարանական հաջորդ՝ 2017-ի ընտրություններին Արամ Սարգսյանը հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ «Ելք» դաշինքով, դարձավ պատգամավոր։

Հայաստանում 2018թ․ ապրիլ-մայիսի քաղաքական փոփոխություններից հետո դաշինքը տրոհվեց, և նախկին վարչապետը դաշինք կազմեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ՝ որպես «Մենք» դաշինք։ Սարգսյանը մանսագիտությամբ ճարտարագետ-շինարար է։

Գագիկ Ծառուկյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է՝ կուսակցության հիմնադիրը։ Նա ԱԺ պատգամավոր է 2003-ից։

2004-ին Ծառուկյանը հիմնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ 2008-ին նախագահական ընտրություններում պաշտպանում էր Սերժ Սարգսյանին, որի հետ ավելի ուշ սկսվեցին քաղաքական տարաձայնություններ, և Ծառուկյանը քաղաքական այլ ուժերի հետ ձևավորեց ընդդիմադիր բևեռ: 2015-ին Սերժ Սարգսյանի իրեն ուղղված սուր ելույթից հետո Ծառուկյանը հայտարարեց քաղաքականության էջը փակելու մասին։

Երկու տարի անց դարձյալ վերադարձավ քաղաքականություն՝ դառնալով «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը։ Թավշյա հեղափոխության օրերին Գագիկ Ծառուկյանը հանդես էր գալիս որպես հեղափոխության կողմնակից։ Նրա ղեկավարած խմբակցության անդամները կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու նախաձեռնությանը։ Ծառուկյանը մասնագիտությամբ ըմբշամարտի մարզիչ է, նաև՝ խոշոր գործարար։

Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համարը Էդմոն Մարուքյանն է՝ ներկայում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր։ 2012-2017թթ․ խորհրդարանում Մարուքյանը պատգամավոր էր՝ ընտրված մեծամասնական ընտրակարգով Վանաձորից։ 2015-ին Մարուքյանը ստեղծեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Արևմտյան կողմնորոշմամբ «Լուսավոր Հայաստանը» 2017-ի խորհրդարանական ընտրություններում հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ՝ «Ելք» դաշինքով։

2018-ի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում «Ելք» դաշինքի երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», չմիացան Նիկոլ Փաշինյանին։ Դաշինքը փաստացի բաժանվեց երկու մասի, սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը» գնացին «Լույս» դաշինքով և հաղթահարեցին անցողիկ շեմը։

Ակնկալվում էր, որ այս դաշինքը կմասնակցի նաև խորհրդարանական ընտրություններին, սակայն այն ևս տրոհվեց։ Էդմոն Մարուքյանը մասնագիտությամբ իրավաբան է։

Արմեն Ռուստամյան, Հայ հեղափոխական դաշնակցություն

ՀՅԴ-ի ցուցակը գլխավորելու է Արմեն Ռուստամյանը։ Նա խորհրդարանում է 1999-ից։ 2012-ից նա ՀՅԴ խմբակցության ղեկավարն էր, մասնագիտությամբ՝ ֆիզիկոս։

Վարուժան Ավետիսյան, «Սասնա ծռեր» կուսակցություն

«Սասնա ծռեր» կուսակցությունը առաջնորդում է համանուն խմբավորման անդամ, «Հիմնադիր խորհրդարան»-ի նախկին ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը։ Ավետիսյանը 2016-ի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ զենքով ներխուժած անձանցից մեկն էր։ 1994-ից Ավետիսյանը աշխատել է պաշտպանության նախարարությունում՝ այդ թվում եղել է զինվորական քննիչ, ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության ավագ սպա, ՊՆ արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության բաժանմունքի պետ։ ՊՊԾ գնդի գրավման օրերին Վարուժան Ավետիսյանը այդ ժամանակվա իշխանությունների հետ հիմնական բանակցողներից էր։ Զենքերը վայր դնելուց հետո Վարուժան Ավետիսյանին մեղադրանք առաջադրվեց կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու ու զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշերով։ Այս տարվա օգոստոսի 17-ին Ավետիսյանը կալանքից ազատվեց՝ մի խումբ պատգամավորների երաշխավորությամբ։ Վարուժան Ավետիսյանը մասնագիտությամբ իրավաբան է։

Սուրեն Սահակյան, «Քաղաքացու որոշում»

Սուրեն Սահակյանը «Քո» կուսակցության ցուցակի առաջին համարն է։

Նա 2013-ից տարբեր քաղաքական ու քաղաքացիական շարժումների ակտիվ մասնակիցներից է, այդ թվում՝ Թավշյա հեղափոխության օրերին։ Հեղափոխությունից վեց ամիս անց Սահակյանն իր ընկերների հետ հիմնեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։

Արթուր Բաղդասարյան, «Օրինաց երկիր»

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, որն անցյալ խորհրդարանական ընտրություններում հանդես էր գալիս «Հայկական վերածնունդ» դաշինքով, գլխավորում է ՕԵԿ ցուցակը։ Բաղդասարյանը 1995-2007թթ․ եղել է պատգամավոր։ 2003-ին նա դարձավ Հայաստանի խորհրդարանի ղեկավար։

Ընդդիմադիր ՕԵԿ-ը 2008-ի նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու առաջադրեց Արթուր Բաղդասարյանին։ Ընտրությունների արդյունքների կեղծման պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերի ցրումից և մարտիմեկյան իրադարձություններից հետո ՕԵԿ-ը կոալիցիա կազմեց Սերժ Սարգսյանի հետ։ Արթուր Բաղդասարյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար։ Այս իրադարձությունները պատճառ դարձան ՕԵԿ-ի հեղինակազրկման համար։ Կուսակցությունը ԱԺ-ում ընդգրկվեց նաև 2012-2017թթ․։ 2017-ի խորհրդարանական ընտրություններում, սակայն, ՕԵԿ-ը չհաղթահարեց անցողիկ շեմը։

Ընտրություններին մասնակցող «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորում է Լուսինե Հարոյանը, իսկ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Մասնագիտությամբ փիլիսոփա Շիրինյանը 1999-2000 թվականներին աշխատել է նախագահի աշխատակազմում՝ որպես արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր մասնագետ։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել