ԵՊՀ-ում ուսանողական կառույցներ վերահսկող մարմինը դեռ կա

2019-ի հունվարի 22-ին ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Գևորգ Մուրադյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հարցրեց, թե ինչով է զբաղվում ԵՊՀ-ում գործող Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը։ Արամ Սիմոնյանը չկարողացավ տալ պատասխան և միայն վերջում նշեց, որ այն զբաղվում է ռազմահայրենասիրական գործունեությամբ։

Թավշյա հեղափոխության հաղթանակի կարևոր նախադրյալներից մեկը տարբեր սոցիալական խմբերի ակտիվ ներգրավվածությունն էր։ Այդ խմբերից ուսանողության դերը բավականին հատկանշական էր թե՛ էությամբ և թե՛ չափերով։ Ուսանողների ակտիվ մասնակցության պատճառը ոչ միայն դժգոհությունն էր նախորդ քաղաքական ռեժիմից, այլև բողոքը համալսարանական ճնշող միջավայրի, կուսակցականացված ղեկավարության և երիտասարդական մոնոպոլիզացված կառույցների դեմ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ երկխոսությունում ասաց, որ բուհերում եղել են կառույցներ, որոնց նպատակը ուսանողներին և բուհական համակարգը կառավարության կամ իշխանության համար վերահսկելի դարձնելն էր: Եվ եթե այդ օղակներն այսօր էլ գործում են, մենք այդպիսի բանի պահանջարկ չունենք և այդպիսի խնդիր չենք դրել: Բայց մյուս կողմից հարց է ծագում՝ նրանք հիմա ի՞նչ տրամաբանությամբ են գործում, ի՞նչն են ուզում վերահսկելի դարձնել և ու՞մ համար են ուզում վերահսկելի դարձնել։

Այս առումով մեզ հրապարակային մեղադրանքներ են հնչում։ Կարծում եմ՝ այդտեղ մենք պետք է լինենք բավարար չափով ճկուն և գործունակ և կարողանանք լսել այն ձայները, որոնք մեզնից կոնկրետ միջամտություն են ակնկալում։ Իր հերթին Արայիկ Հարությունյանը խոսեց համալսարանական ՈւԽ-ների կարգավիճակի մասին՝ նշելով, որ գրեթե բոլոր համալսարանների ուսանողական խորհուրդների կանոնադրությունները ԿԳՆ-ի կողմից հաստատված չեն։

Այստեղ սակայն մենք չենք խոսում ՈՒԽ-ների մասին, այլ ԵՊՀ-ում դեռ առկա մի կառույցի, որի գործունեության արդյունքում է հենց տուժել ԵՊՀ-ում ուսանողական ինքնակառավարման ազատությունն ու անկախությունը, վերահսկվել է ուսանողական կառույցների գործունեությունը։ Խոսքը ԵՊՀ-ում գործող Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի մասին է։

Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը ստեղծվել է 1996-ին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ: Ստեղծման պահից մինչեւ 2006-ը այն գտնվել է ԵՊՀ ուսումնական վարչության կազմում, իսկ այժմ հանդես է գալիս որպես ռեկտորատին կից առանձին ստորաբաժանում: ԵՊՀ կայքում նշված է, որ այդ կառույցը իրականացնում է հինգ գործառույթ։ Երբ ուսումնասիրում ենք ԵՊՀ այլ կառույցների գործառույթները, տեսնում ենք, որ այս կառույցը, կարծես, պարզապես կրկնում է մյուս ստորաբաժանումների աշխատանքը։

Այսպես, 2–րդ գործառույթը՝ ուսանողական լայն զանգվածներին տեղեկատվությամբ ապահովելը, ԵՊՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գործառույթներից է։ Նմանատիպ աշխատանք պետք է, որ իրականացնի նաև ԵՊՀ ՈւԽ-ն։ Մասնավորապես ԵՊՀ ՈւԽ կանոնադրության «Նպատակներ և խնդիրներ» բաժնում նշված է՝ «Իրազեկել ուսանողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին, նպաստել ուսանողների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ու ակտիվ քաղաքացիական կեցվածքի ձևավորմանը»:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հաջորդ գործառույթը՝ ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումն է։ Վերջինս իր հերթին իրականացվում է թե՛ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի, թե՛ Որակի ապահովման կենտրոնի կողմից։ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հաջորդ գործառույթը ուսանողների սոցիալական վիճակի բարելավումն է: Այս գործառույթը նշված է թե՛ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի խնդիրների, թե՛ ԵՊՀ ՈՒԽ-ի կանոնադրության «Նպատակներ և գործունեության հիմնական ուղղություններ» բաժիններում։ Վերջին գործառույթը՝ ԵՊՀ տարածքում ուսանողների ներքին կարգապահության պահպանումն ապահովելը, արդեն կարելի է հանդիպել ՈւԽ-ի կանոնադրության «Նպատակներ և գործունեության հիմնական ուղղություններ» բաժնի 7-րդ և 8-րդ կետերում:

Իրականում, տվյալ կառույցի գործունեությունը հիմնականում իր առաջին գործառույթում է՝ համակարգել ուսանողական կազմակերպությունների աշխատանքները։ Բայց երբ ուսումնասիրում ենք ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունը, տեսնում ենք, որ վերջինս ԵՊՀ ուսանողների ինքնակառավարումը կազմակերպող անկախ կառույց է, որն ունի ինքանավարություն։ Հարց է առաջանում, թե ինչպես ռեկտորատին կից կառույցը կարող է համակարգել վերջինիս գործունեությունը։

2006-ից մինչ այժմ կենտրոնը ղեկավարած երկու ղեկավարներն էլ եղել են ՀՀԿ անդամներ։ 2006-2012 թթ․ կենտրոնը ղեկավարել է Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր Միհրան Հակոբյանը, իսկ 2012-ից մինչ այժմ ՀՀԿ մեկ այլ անդամ Վահագն Վարագյանը, որն իր հերթին առաջադրվել էր ՀՀԿ ցուցակով որպես պատգամավոր ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ։ Կենտրոնի ներկայիս տնօրենը 2015-ից մինչ այժմ եղել ԵՊՀ ՈւԽ-ի ընտրությունների ընտրական բոլոր հանձնաժողովների նախագահը։

Ի դեպ, հարցումը կատարված է եղել պարզելու հենց միայն 2015-ից 2017-ը իրականացված ընտրությունների ընտրական հանձնաժողովների կազմը։ Ավելին, սույն կառույցում 2008-2017 թթ․ աշխատել են ԵՊՀ Ուսանողական խորհրդի այդ հատվածում նախագահած բոլոր երեք նախագահները հաջորդաբար։ Տեսանյութերում երևում է, թե ինչպիսի մասնակցությունն են ունեցել կառույցի վերջին երկու նախագահները 2013թ․ ուսանողական դասադուլների ժամանակ։

Հասկանալու, թե ինչպես է այդ կառույցը իրականացրել իր գործառույթները, ըստ կառույցի տրամադրած տվյալների՝ հետազոտվել են նաև 2015-ից մինչ այժմ կառույցի իրականացրած աշխատանքները։ 2015-ին ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ֆինանսական կատարողականում նշված է 17 միջոցառում, որոնցից վեցը քարթրիջի լիցքավորում և նորոգում է, իսկ՝ ինը՝ գնումներ: Ընդհանուր 2015-ին կենտրոնը ծախսել է 468 570 դրամ: 2016-ին կենտրոնը իրականացրել է 19 միջոցառում և դրանց համար տրամադրել 839 000 դրամ: Միջոցառումներից 18-ը տարբեր ապրանքների գնումեր են, և միայն մեկ միջոցառման նկարագրի մեջ նշված է, որ հատկացվել է 220 000 ՀՀ դրամ տրանսպորտային ծախսերի համար, սակայն նշված չէ ծախսի նպատակը: 2017-ի ֆինանսական կատարողականում նույնպես հիմնականում ապրանքների ձեռքբերումներ են, և խոսք չկա միջոցառումների իրականացման համար ծախսված գումարների մասին, բացի երկու դեպքից: Ֆինանսական կատարողականում նշված է, որ ծախսվել է 140 000 դրամ ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի Արցախ կատարած այցի ժամանակ և գնվել է Լեոնիդ Ազգալդյանի անվան մեկ մարտական դրոշ։ 2017-ին ընդհանուր առմամբ ծախսվել է՝ 937 000 դրամ: Այսպիսով, 2015-2017 թթ․ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը ծախսել է 2,24 միլիոն դրամ, բայց թե որքանով են իրականացված ծախսերը պայմանավորված եղել կենտրոնի գործառույթների հետ, պարզ է դառնում՝ վելուծելով երեք տարվա ֆինանսական կատարողականները:

Այս հատվածում անհրաժեշտ է ներկայացնել նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամից ԵՊՀ փոխանցված գումարները: Հիշեցնենք, որ Թավշյա հեղափոխությունից հետո հիմնադրամին համալսարաններից տրվող ֆինանսական միջոցների հոսքը դադարեցվեց, իսկ հիմնադրամի գործադիր տնօրենը մեղադրվեց 350 մլն դրամի չարաշահման համար։ 2016-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից ԵՊՀ-ին փոխանցվել է 136,6 միլիոն դրամ, 2017-ին՝ 67 միլիոն դրամ և 2018-ին՝ 20,5 միլիոն դրամ։ Մտահոգիչ է, որ հիմնադրամի կողմից փոխանցված գումարներով իրականացված մի քանի միջոցառումներ իրականացվել են հենց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից։

***

Տարիներ շարունակ համալսարաններում ուսանողական եռանդը պարպվել է հենց այսպիսի կառույցների ակտիվ գործունեության արդյունքում։ Ուսանողական իրական անկախ ինքնակառավարումը ենթադրում է նման կառույցների բացակայություն։ Կրթության և գիտության նախարարությունը, համալսարանների Հոգաբարձուների նորանշանակ խորհուրդները պետք է որոշում կայացնեն՝ անաչառ քննելով նմանատիպ կառույցների գործունեությունը։ Խոսքս ավարտելով՝ նշեմ, որ այսօրինակ կառույց կար նաև Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, բայց այն արդեն փակվել է։ Հուսով ենք, որ արդարությունը շուտով կթակի նաև ԵՊՀ դռները։

Դավիթ Պետրոսյանը «Ռեստարտ» ուսանողական շարժման հիմնադիրներից է

Մեկնաբանել