Քաղաքական հետապնդում չկա, դատի տալը յուրաքանչյուրի իրավունքն է․ ԱԱԾ տնօրենը՝ Սեդրակ Քոչարյանի հայտարարության մասին

Քաղաքական հետապնդման որևէ խնդիր չկա․ այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայտարարությունը, ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Հաղորդագրությունը դուք կարդացել եք, տեսել եք, որ դրանում օբյեկտիվ կերպով ներկայացված են գործի որոշ հանգամանքներ։ Մենք ընդհանրապես չէինք ուզում որևէ հաղորդագրություն տարածել։ Նախաձեռնությունը եղավ իրենց կողմից»,– ասաց Վանեցյանը։

Օրերս Սեդրակ Քոչարյանը հայտնել էր, որ ԱԱԾ-ն իրեն մեղադրանք է առաջադրել և այն մեկնաբանելով՝ նշել, որ «Նիկոլ Փաշինյանը վաղուց է սևեռված իրենց ընտանիքի վրա, դեռևս լրագրողական գործունեության տարիներից»։

«Քոչարյանների ընտանիքի նկատմամբ անձնական կամ քաղաքական որևէ հետապնդում, վրեժխնդրություն չկա»,– ասաց Վանեցյանը։

ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ նշված է, որ քրեական գործի շրջանակում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել Սեդրակ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոցներին ասել է, որ Սեդրակ Քոչարյանը պատրաստվում է դատի տալ ԱԱԾ տնօրենին՝ «անմեղության կանխավարկածի կոպիտ խախտման կապակցությամբ»։

Այս առնչությամբ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց, որ «դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է», և որ «անմեղության կանխավարկած չի խախտվել»։

Մեկնաբանել