ԵԱՏՄ-ում քննարկվում է վետոյի իրավունքից հրաժարվելը․ փոխվարչապետն անհանգստանալու առիթ չի տեսնում

Եվրասաիական տնտեսական միությունում որոշ հարցերում անդամ պետությունների կողմից վետոյից հրաժարվելու մասին քննարկումները չեն կրում քաղաքական բնույթ, այլ վերաբերում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը խնդրին անդրադարձավ՝ պատասխանլով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի հարցին:

«Վերջերս, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն [Տիգրան Սարգսյանը] իր հարցազրույցում նշեց, որ անդամ պետությունների կառավարությունները քննարկում են որոշ հարցերի շրջանակում վետոյից հրաժարման խնդիրը և այդ իրավունքի փոխանցումը վերազգային կառույցին: Սա վերաբերում է պետությունների ազգային ինքնիշխանությանը: Այդ ի՞նչ հարցերի շրջանակ է, որոնց վերաբերյալ քննարկվում է պետությունների վետոյի իրավունքից հրաժարման հարցը»,- հետաքրքրվեց Սիմոնյանը:

Մհեր Գիրգորյանը տեղեկացրեց, որ հարցն իրոք բուռն քննարկվել է․ «Այն դեռևս կքննարկվի: Անկեղծ ասած, այն քննարկվել է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության տեսանկյունից: Դա այնքան էլ քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Խնդիրն այն է, որ շատ դեպքերում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործառույթն ուղղակի զրոյացվում է, քանի որ անդամ պետություններից որևէ մեկը վետո է դնում, և որոշումն ուղղակի չի ընդունվում կամ իրականացվում: Հիմնական խնդիրը վերաբերում էր բելառուսական կաթին և Ռուսաստանի կառավարության վետոյին: Սա ռազմավարական հարց է, բայց այս պահին կոնկրետություն չկա: Այն դեռևս քննարկման փուլում է»:

Մհեր Գրիգորյանը նշեց, որ ինչ-որ պահի կտեղեկացնեն հանրությանն ու Ազգային ժողովին, թե քննարկումներն ինչ հանգրվանի են հասել․ «Այնուամենայնիվ հարցն այնքան քաղաքական չէ․․․ այլ վերաբերում է հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությանը»:

***

Հունվարի 30-ին Ալմաաթիում կայացած Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի շրջանակում ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Միությունում քննարկվում է անդամ պետությունների՝ որոշ հարցերի շուրջ վետո կիրառելու իրավունքի չեղարկումն ու այդ գործառույթների հանձնումը վերպետական մարմնին՝ ԵՏՀ-ին։ Ըստ Սարգսյանի՝ այս հարցը ենթակա է քննարկման, քանի որ եթե կողմերը ցանկություն ունեն խորացնել եվրասիական ինտեգրացիան, ապա ակնհայտ է, որ անհրաժեշտ է մեծացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործառույթները։

#CivilNet #News

Մեկնաբանել