Ամերիկան առաջինն է․ Փոլ Քրուգմանը հեգնում է Թրամփին և խորհուրդ տալիս անել երեք բան

Մարտի 26-ի դրությամբ ԱՄՆ-ը կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում դարձավ առաջին երկիրը՝ անցնելով Չինաստանին և Իտալիային։ Տնտեսագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր, New York Times-ի սյունակագիր Փոլ Քրուգմանը հոդված է գրել, որում հեգնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով սիրում է կրկնել «Ամերիկան առաջինը!» (America First!) արտահայտությունը։ Քրուգմանը հիշեցնում է, որ ընդամենը մեկ ամիս առաջ Թրամփը համարում էր, որ կորոնավիրուսով 15 վարակակիրների թիվը դառնալու է 0։ Հոդվածը վերնագրված է՝ «Կորոնավիրուսի մասով․ մենք համար առաջինն ենք»։

․․․

Դժվար է հավատալ, բայց ընդամենը մեկ ամիս առաջ Դոնալդ Թրամփը և նրա կողմնակիցները թերահավատությամբ էին մոտենում կորոնավիրուսի լրջությանը։ Փետրվարի 26-ին Թրամփը հայտարարեց. «Եթե կա հիվանդության 15 դեպք, այդ 15-ը մի քանի օրվա ընթացքում մոտ կլինի զրոյի»: Նրա այս խոսքը հետևեց վարչակազմի գլխավոր տնտեսագետ Լարի Քուդլոուի հայտարարությանն այն մասին, որ վիրուսը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է, և տնտեսությունը «լավ է դիմանում»:

Իսկ այժմ ԱՄՆ-ում կա ավելի քան 82 000 հաստատված դեպք. մենք չգիտենք, թե որքան են չհաստատված դեպքերը, քանի որ չենք հասցնում թեստավորել։ Բայց սա մեզ դարձնում է աշխարհի կորոնավիրուսային էպիկենտրոնը, իսկ վիրուսի տարածման կորագիծն ԱՄՆ-ում ավելի կտրուկ է աճում, քան որևէ այլ երկրում:

Ինչ վերաբերում է տնտեսությանը՝ անցած շաբաթ ավելի քան երեք միլիոն աշխատող գործազրկության ապահովագրության հայտ է ներկայացրել. սա չտեսնված թիվ է։ Ակնհայտորեն աշխատատեղեր ենք կորցնում, նույնիսկ ավելի արագ, քան 2008-9 թվականների ֆինանսական ճգնաժամի ամենավատ պահերին, երբ ամսական կորցնում էինք «միայն» 800 000 աշխատատեղ:

Թրամփի արհամարհանքն ու ժխտողականությունը մեծ դեր ունեցան, որ մենք այս վիճակին հասանք: Եվ նա պետք է պատասխանատվության ենթարկվի: Բայց այժմ ավելի կարևոր հարցն այն է, թե արդյոք անում ենք ամեն հնարավո՞րը աղետը հաղթահարելու համար:

Պատասխանն է ոչ: Մենք անում ենք անհրաժեշտ քայլերի մի մասը հիմնականում դեմոկրատ նահանգապետերի և Կոնգրեսի դեմոկրատ անդամների ջանքերի շնորհիվ։ Բայց վճռական ճակատներում դեռ պարտվում ենք հիմնականում այն պատճառով, որ նույնիսկ հիմա Թրամփը և նրա կուսակիցները լուրջ չեն ընդունում այս սպառնալիքը:

Ի՞նչ պետք է անենք․ երեք հիմնական բան

Նախ, մեզ հարկավոր են համապարփակ գործողություններ` բժշկական անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար: Սա նշանակում է ամեն ինչ՝ սկսած դիմակներից և առողջապահական աշխատողների ու անձնական այլ պաշտպանիչ սարքավորումներից մինչև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար շնչառական սարքեր: Եվ, իհարկե, լայնածավալ թեստավորում։

Թրամփի՝ վիրուսի ժխտման պատճառով վատնված մի քանի շաբաթվա արդյունքում մենք հետ ենք մնացել, ինչը կդառնա հազարավոր ամերիկացիների անհարկի մահվան պատճառ:

Երկրորդ, մենք պետք է դանդաղեցնենք վիրուսի տարածումը՝ կրճատելով անձնական շփումները, որոնք կարող են հանգեցնել նոր վարակների. «սոցիալական հեռավորություն» պահպանենք: Լավ նորությունն այն է, որ մի շարք նահանգներ ձեռնարկել են խիստ գործողություններ՝ փակելով ոչ էական բիզնեսները, արգելելով գրեթե բոլոր հավաքները և մարդկանց կոչ անելով մնալ տներում։ Եվ նախանշաններ կան, որ այդ գործողություններն արդյունավետ են։

Վատ լուրն այն է, որ Թրամփը կոչ է անում Միացյալ Նահանգներին «վերաբացվել» մինչև Զատիկը, քայլ, որը առողջապահության գրեթե բոլոր մասնագետների կարծիքով աղետալի հետևանքների կհանգեցնի: Պարզ է, որ նա դեռ լուրջ չի վերաբերվում համաճարակին: Հանրապետական որոշ նահանգապետեր կիսում են նրա անզգուշությունը: Օրինակ, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանթիսը դեռ հրաժարվում է փակել նահանգի լողափերը:

Ինչն ինձ բերում է երրորդ քայլին՝ անխուսափելի տնտեսական կորուստների պատկերին ֆինանսական օգնության տրամադրումն է ընտանիքներին և բիզնեսին: Այն, ինչ տեսնում ենք գործազրկության ապահովագրման թվերի աճում, սովորական անկում չէ. դա ավելի շատ նման է բժշկի կողմից արհեստականորեն հարուցված կոմայի, որն արվել է հանուն հիվանդի առողջության։ Այդ իսկ պատճառով Թրամփի՝ մարդկանց աշխատանքի վերադարձնելու ցանկությունը մահաբեր սխալ է: Բայց մարդիկ սնվելու կարիք ունեն, եթե անգամ չեն կարող աշխատել:

Ուստի, մեծապես ողջունում եմ Սենատի՝ երկու տրիլիոն դոլար արժողությամբ օրենսդրության ընդունումը։ Մարդիկ այն անվանում են «խթանիչ» օրինագիծ, բայց իրականում այն աղետի հետևանքների վերացմանն է ուղղված՝ գումար ընտանիքներին, գործազրկության նպաստի բարձրացում, աջակցություն բուժհաստատություններին և ծանր վիճակում հայտնված նահանգներին, վարկեր՝ ուղղված փոքր բիզնեսի գոյատևմանը:

Այնուամենայնիվ, նախագիծը, ցավոք, ի վիճակի չէ կանխել զոհերի մեծ թիվը, ինչը շատ հավանական է՝ դատելով կորոնավիրուսի արագ տարածման հետևանքով դեռևս իրենց անհրաժեշտ սարքավորումները չստացած հիվանդանոցների ծանրաբեռնվածությունից։

Ողբերգություն այն է, որ այդ մահերից շատերը կլինեն վատ կառավարման անմիջական հետևանքը՝ Թրամփի կողմից մասնագիտական կարծիքի արհամարհումն ու սպառնալիքի լրջության մերժումը, ինչը հիմա էլ է շարունակում խանգարել կորոնավիրուսին ի պատասխան մեր ձեռնարկած միջոցառումների արդյունավետությունը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել