Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարվեց. ընտրությունների երկրորդ փուլը կկայանա

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

«Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին անց է կացրել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին ներկա էին հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ներկայացուցիչները:

Նախագահ Սահակյանը ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին և տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Իր ուղերձում Բակո Սահակյանը մասնավորապես նշել է․

«Վստահ եմ, որ մեր ժողովրդի իմաստնության, կարգապահության և բարձր քաղաքացիական պատասխանատվության շնորհիվ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, արդյունավետորեն լուծել ծագող խնդիրները և, միաժամանակ, օրենքով սահմանված կարգով անցկացնել մեր երկրի համար այս կարևորագույն համապետական միջոցառումը, ինչպիսինն է Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ:

Ընտրությունների անցկացման օրը բոլոր ընտրատեղամասերում կձեռնարկվեն առողջապահական և սանիտարահիգիենիկ խստագույն միջոցներ: Պետք է անենք հնարավորը, որպեսզի կանխարգելենք և չեզոքացնենք բոլոր բացասական հետևանքները: Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի ամենայն պատասխանատվությամբ անցնենք այս կարևորագույն շրջանը ևս:

Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ ըմբռնումով մոտենալ ընդունվող որոշումներին, խստորեն հետևել նախատեսված միջոցների և հանձնարարականների կատարմանը:

Մեր բոլոր գործողությունները պետք է լինեն՝ հանուն մեր երկրի և քաղաքացիների բարեկեցության, մեր ազատ, անկախ և ժողովրդավարական պետության ապագայի»:

***

Ապրիլի 12-ի դրությամբ՝ հայտնի է Արցախում կորոնավիրուսի 5 հաստատված դեպքի մասին։

Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել էր Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով առողջապահության նախարարությանը, «լաբորատորիայում իրականացվող ախտահանիչ միջոցառումների պատճառով, նախորդ օրը ՀՀ ուղարկված փորձանմուշի հետազոտության արդյունքները դեռևս չեն ստացվել»։

«Այս պահի դրությամբ, կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի վիճակը միջին ծանրության (Քարվաճառ) է, քանի որ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ ունի և հիվանդանոց է դիմել երկկողմանի թոքաբորբով, առաջին վարակվածի մոտ թոքաբորբ կա, որն առավելապես կապված է կորոնավիրուսին հատուկ զարգացմամբ, մյուս քաղաքացիների վիճակը բավարար է:

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ մեկուսացման և ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ: Այս պահի դրությամբ, քաղաքացիներից նմուշառումներ անելու նոր դեպքեր չկան»,- ասված է շտաբի հաղորդագրությունում։

Մեկնաբանել