Արդարացի չէ խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի բեռի ավելացման մասին․ Բաբկեն Թունյան

Մենք, ըստ էության, բարեփոխումների գործընթացի հերթական փուլում ենք․ հունիսի 30-ին հրավիրած մամուլի ասուլիսին Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խոսեց gույքահարկի փոփոխության նոր օրինագծի մասին։

«Սա ոչ թե պատահաբար տեղի ունեցած իրադարձություն է, այլ տրամաբանական շարունակությունն է այն նախաձեռնությունների, որոնց բազմիցս մանրամասն անդարդարձել ենք: Մասնավորապես, հարկային համակարգի հայեցակարգային փոփոխությունների մասին է խոսքը»,- ասաց նա։

«Մենք, ըստ էության, 2 մասի էինք բաժանել միջոցառումները, որոնք նախատեսում էինք իրականացնել հարկային համակարգի փոփոխությունների ուղղությամբ»,- նշեց նա։

Որոշ գույքատերերի՝ արտոնություններ ունենալու հարցը, նախարարի խոսքով, կորոշի համայնքը։ Ջանջուղազյանի խոսքով՝ գույքահարկի փոփոխության արդյունքում չորս անգամ կաճի գույքահարկի մասով համայնքային բյուջեների միջին եկամուտը։

«Այսօր դա մոտ 10 միլիարդ դրամի շուրջ է տատանվում, վերջում դա կլինի 40 միլիարդ, մի փոքր ավելի»,- ասաց նախարարը։

Ասուլիսին ներկա էր նաև Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա անդրադարձավ պնդմանը, որ «իրենք ճգնաժամային պայմաններում գույքահարկ են ավելացնում»։

«Ուզում եմ ասել, որ դա կա՛մ սխալ ընկալման արդյունք է, կա՛մ որոշ դեպքերում, միտումնավոր մանիպուլացիա է, որովհետև բուն նախագիծը, որ հանգեցրել է գույքահարկի բարձրացման, կադաստրային արժեքների մոտարկման նախագիծն է, որն ընդունվել է անցած տարի»,- պարզաբանեց Թունյանը։

Թունյանը նշեց, որ այս նախագծով փորձում են մեղմել կադաստրային արժեքների մոտարկման նախագծի ազդեցությունը։

«Նախկինում կամ այսօր գործող համակարգը մի քանի շեմեր ունի, և առավելագույն շեմը, օրինակ, 40 միլիոն դրամն է բնակարանների դեպքում, որից հետո կիրառվում է առավելագույն մեկ տոկոս գործակիցը։ Վերագնահատման արդյունքում գույքերի մի զգալի մասը ընկնում է արդեն այդ բարձր շեմից վերև, և այդ հարկը բազմապատիկ անգամներով էր ավելանում։ Մենք այս պահին նախ այդ ազդեցությունն ենք մեղմում»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ որպեսզի մարդիկ այդ բեռը անմիջապես չզգան, կա վեց տարվա սահուն ժամանակահատված։ Նրա կարծիքով՝ արդարացի չէ խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի բեռի ավելացման մասին, քանի որ քաղաքացիները առաջին վճարումը կատարելու են 2021-ի դեկտեմբերին՝ նոր գույքահարկի 25 տոկոսի չափով։

«Պետք է նկատի ունենալ, որ այս գումարները գնալու են համայնքային բյուջե։ Ու եթե մենք ցանկանում ենք ունենալ ֆինանսապես անկախ, գոնե սեփական որոշակի միջոցներ ունեցող համայնքներ, ուրեմն պետք է ընդունել նաև, որ այդ համայնքներին որոշակի եկամուտներ են պետք»,- շեշտեց Թունյանը։

Թունյանը ներկայացրեց նաև որոշ թվեր․ «Հայաստանում կա մոտ 276 500 բնակարան, որոնց կադաստրային արժեքը այս պահին 3 միլիոն դրամից ցածր է, և նրանք չեն հարկվում։ Ի՞նչ է լինելու օրենքի այս փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո։ Այս 276 հազարից մոտ 8 հազարը տարեկան վճարելու են մինչև հազար դրամ, դա 2026-ին, այսինքն առաջին տարում՝ 250 դրամ։ Սրանցից 94 հազարը տարեկան վճարելու են 3-5 հազար դրամ՝ 2026-ին։

Կա մոտ 240 հազար բնակելի տուն, որոնց կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից պակաս է։ Սրանցից 86 հազարը տարեկան վճարելու է մինչև հազար դրամ, առաջին տարում՝ 250 դրամ, 92 հազարը վճարելու են 1-3 հազար դրամ, 28 հազարը՝ 3-5 հազար դրամ»,- ներկայացրեց Թունյանը։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ հայտնեց, որ շաբաթվա վերջում էլեկտրոնային ծառայությունների e-cadastre.am հարթակում կտեղադրվի հաշվիչ, որի միջոցով քաղաքացիները, մուտքագրելով իրենց վկայականի տվյալները, կարող են պարզել, թե վեց տարվա ընթացքում ինչքան գույքահարկ են վճարելու, և ինչքան է այն կազմում յուրաքանչյուր տարի։

Ազգային ժողովը հունիսի 24-ին ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ։ Օրինագիծը հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ դարձավ։

ՍիվիլՆեթը գույքահարկի փոփոխությունների մասին խոսել էր քաղաքացիների հետ։

Թեմայի շուրջ ՍիվիլՆեթի տաղավարում զրուցել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

100-200 դղյակների սեփականատերերի պատճառով ամբողջ աղքատ բնակչությունը ընկնում է հարկային բեռի տակ

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել