«Շենգեն» կհասնեն սեպտեմբերին

Բուլղարիայի և Ռումինիայի՝ Շենգենյան համաձայնագրին միանալու հարցը կարող է լուծվել ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, հաղորդում է Reuters-ը։

«Եվրոպական երկրների առաջնորդները համակարծիք են, որ Բուլղարիան և Ռումինիան կատարել են համաձայնագրին միանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Այս հարցը քննարկվել էր մարտին, ԵՄ-ն այն կրկին կքննարկի սեպտեմբերին»,– ասել է Ռոմպեյը։
Սոֆիայի և Բուխարեստի՝ Շենգենյան գոտուն անդամակցելու գործընթացը տեղի կունենա երկու փուլով։ Նախ՝ համաձայնագիրը կսկսի գործել երկու երկրների օդային և ջրային, այնուհետ՝ ցամաքային տարածքների ու սահմանների համար։ Ռոմպեյի խոսքով՝ այս առաջարկն արվել է Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից։ Այն արժանացել է նաև ԵՄ մյուս երկրների հավանությանը։

Շենգենյան համաձայնագիրը, որով հանվում է ԵՄ անդամ մի շարք երկրների սահմաններին անձնագրային և այցագրային վերահսկման ռեժիմը, ստորագրվել է 1985թ. եվրոպական հինգ երկրների (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Գերմանիա) կողմից և ուժի մեջ մտել 1995թ.։ 1999թ. մայիսին այն փոխարինվել է ԵՄ Շենգենյան օրենքով։

Մեկնաբանել