Եռակողմ հայտարարության 7-րդ կետը տարածվում է բոլորի վրա․ Զախարովան՝ Ղարաբաղ փախստականների վերադարձի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 11-ի ճեպազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի խնդրին։

Հարցադրմանը, թե վերջին երեք ամիսների ընթացքում ռուսաստանցի խաղաղապահների պատասխանատվության գոտի է վերադարձել մոտ 52 հազար մարդ, տարվում է արդյոք աշխատանք ադրբեջանական բնակչության վերադարձի ուղղությամբ, Զախարովան պատասխանել է․ «2020թ․ նոյեմբերի 9-ի՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարության 7-րդ կետի համաձայն՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության տակ գտնվող շրջաններ։

Ներկայում մենք իսկապես տեսնում ենք անցյալ տարվա աշնանը հայտնի իրադարձությունների բերումով իրենց տները լքած հայերի բավական ինտենսիվ վերադարձ։

Ելնում ենք նրանից, որ եռակողմ հայտարարության նշյալ կետը տարածվում է բոլորի վրա, ովքեր ստիպված էին հեռանալ իրենց նախկին բնակության վայրերից»։

***

2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետում մասնավորապես նշվում է․ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։

Հունվարի 20-ին Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ մինչև հիմա Արցախ է վերադարձել 95 000 մարդ։ Տեղեկությունը հաստատել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Ռուս խաղաղապահները պարբերաբար քարտեզ են հրապարակում, որտեղ նշում են նաև Արցախ վերադարձած հայերի թիվը։ Հունվարի 21-ի դրությամբ նրանց քարտեզում նշված է 50 390 թիվը։

Մեկնաբանել