Պետական եկամուտների կոմիտեն հրաժարվում է հաղորդել Երևանում խոշոր չափերի թմրանյութի հայտնաբերման մանրամասները։
Մարտի 3-ին Պետեկամուտների կոմիտեն հայտարարեց, որ հայտնաբերվել է վերջին 7 տարիների համար աննախադեպ ծավալի՝ 365 կիլոգրամ հերոին՝ 45 միլիոն դոլարի արժեքով։ Նախատեսվել է այն Հայաստանի տարածքով տեղափոխել արևմտյան Եվրոպա։ Այս գործով ձերբակալվել է 6 անձ։
ՊԵԿ-ին հարցում էր ուղղվել, թե ովքե՞ր են ձերբակալվածները և ո՞ր երկրի քաղաքացիներ են, ինչպե՞ս է այս բեռը հասել Երևան, և ինչո՞ւ սահմանին այն չի հայտնաբերվել, ե՞րբ է այն ոչնչացվելու։
Ի պատասխան բոլոր հարցերի՝ ՊԵԿ-ից հայտնել են. «Հաշվի առնելով սույն դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության գաղտնիությունը՝ նախաքննության ներկայիս փուլում առավել մանրամասն տեղեկությունների տրամադրումը նպատակահարմար չէ»։
Մկրտիչ Կարապետյան