ԵՄ դեսպանը քաղաքական ուժերին կոչ է անում նպաստել ընտրությունների օրվա խաղաղ անցկացմանը

Հունիսի 17-ին Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպում է կազմակերպել ՄԱԿ-ի զարգացման ծրագիր Հայաստանի, «ՕքսիՋեն» Հայաստան հիմնադրամի և երկու տեղական դիտորդական խմբերի՝ «Ականատես» դիտորդական առաքելության և «Անկախ դիտորդի» ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանն ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարական ընտրական գործընթացների ամրապդնման գործում ԵՄ կարևոր ներդրումները։

Կազմակերպությունները Եվրամիության ընտրական ֆինանսավորման հիմնական շահառուներն են․ նրանք տրամադրում են տեխնիկական ընտրական օժանդակություն և աջակցում են քաղաքացիներին տեղեկատվության և մասնակցության հասանելիությունը ապահովելու գործում:

«Միավորվելու և ճգնաժամը հաշտության ու համերաշխության ոգով հաղթահարելու Ժամանակն է: Հայ ազգի բոլոր սերունդներն արժանի են ունենալ ավելի լավ ապագա՝ խաղաղությամբ և կայունությամբ։ Հույս ունենք՝ Հայաստանը կղեկավարվի համագործակցության, պատասխանատվության և փոխադարձ հարգանքի ոգով: Ես կոչ եմ անում ընտրություններում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին, նրանց աջակիցներին և բոլոր նրանց, ովքեր օգտվում են ԶԼՄ-ներից և սոցիալական մեդիայի ցանցերից, ավելացնել ջանքերը՝ նպաստելու, որպեսզի հունիսի 20-ին հաղթանակի ժողովրդավարությունը՝ հայ երեխաների ապագայի համար»,- հայտարարել է ԵՄ դեսպանը։

Վերջին տարիներին ԵՄ-ն ավելացրել է ժողովրդավարացման և ընտրական բարեփոխումների ուղղությամբ ներդրումները: 2021-ի ընտրությունների շեմին Եվրամիությունը հատկացնում է շուրջ 1 միլիոն եվրո ծավալի ֆինանսական աջակցություն։

Մեկնաբանել