Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։
ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ «շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու»։
***
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում սրվել է հուլիսի 14-ից։ Այդ օրը փոխհրաձգության պատճառով հայ զինծառայող էր զոհվել։
Հուլիսի 19-ին ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն։