ՃՈ տեսուչը կաշառքի դիմաց ձևական քննություններ է վերցրել և վարորդական վկայականներ է տրամադրել

Բացահայտվել են ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` ավելի քան 1 մլն դրամ կաշառք ստանալու դեպքեր: Հիշյալ քաղաքացիները կաշառքի դիմաց հանձնել են ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)։

«Մասնավորապես, Սպիտակ քաղաքի բնակիչ Վ. Շ.-ն սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու գործնական հմտությունները փաստացի ստուգելու, կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող գործնական քննություններ ընդունելու և քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու հարցում օժանդակելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ի հետ: Պայմանավորվածության համաձայն` 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Վ. Շ.-ն քաղաքացիներից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.240.000 ՀՀ դրամ կաշառքի գումարները և դրանք փոխանցել ՃՈ տեսուչին՝ օժանդակելով պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն»,- տեղեկացնում է ՀՔԾ-ն։

Ըստ հաղորդագրության՝ ստացած կաշառքի դիմաց ճանապարհային ոստիկանության տեսուչը քաղաքացիներից ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և վերջիններս առանց գործնական վարման հմտությունները պատշաճ ստուգելու ստացել են վարորդական վկայականներ:

Ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացած ՃՈ պաշտոնատար անձ Ա. Ս.-ն, նրան օժանադակած Վ. Շ.-ն և վերջիններիս կաշառք տված ևս երկու քաղաքացի:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում նաև տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ նույն ՃՈ տեսուչը վերը նկարագրված եղանակով Վ. Շ.-ի օժանդակությամբ 2020 թվականի հունվարից 2021 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում շուրջ 40 քաղաքացիներից ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, որի դիմաց նրանց գործնական վարման հմտություններն առանց պատշաճ ստուգելու գնահատել է բավարար, ինչի արդյունքում վերջիններիս տրամադրվել են վարորդական վկայականներ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել