Ինչ է ընկած Իրանի ու Ադրբեջանի միջև աճող լարվածության հետևում․ հայացք Բաքվից

Իլհամ Ալիև Ալի Խամենեի Իլհամ Ալիևն ու Ալի Խամենեին։ Նկարազարդումը՝ Ռոբին Ֆաբրոյի/OC Media։

Ռովշան Մամադլի, Բաքու OC Media

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը տարածաշրջանում որակապես նոր դինամիկայի է հանգեցրել, որից Իրանը խորապես դժգոհ է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերություններին:

Վերջին օրերին ամբողջ աշխարհի համակ ուշադրության կենտրոնում են հայտնվել Կովկասն ու Իրանի և Ադրբեջանի միջև բացահայտ հակակրանքի դրսևորումը։

Վերջին լարվածության անմիջական պատճառը, ըստ ամենայնի, իրանական վառելանյութով բեռնատարների մուտքն էր հայկական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղ՝ գործողություն, որը Բաքուն անօրինական է համարում։ Այս միջադեպից հետո Բաքուն փակել է Հայաստանի համար առանցքային Գորիս-Կապան ավտոմայրուղու մի մասը, որն անցնում է Ադրբեջանի տարածքով, դիվանագիտական նոտա է հանձնել Իրանի դեսպանին և ձերբակալել իրանցի վարորդների, որոնց ճակատագիրն այս պահին անհայտ է:

Այս ամենին զուգահեռ Իրանի համար այլ տհաճություններ եղան, այդ թվում՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի մասնակցությամբ զորավարժությունների շարքը, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց հակաիրանական հռետորաբանության պոռթկումը:

Եվ ահա, տասնամյակներ ի վեր առաջին անգամ Իսլամական Հանրապետությունը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ իր հյուսիսային սահմանին։ Բաքուն իր հերթին Անկարայի հետ համատեղ զորավարժություններ է սկսել։

Զորավարժություններին զուգահեռ երկու երկրների միջև բառակռիվն է սաստակցել։ Թեև շատ հարցեր կան, որոնց շուրջ Թեհրանը տարաձայնություններ ունի Բաքվի հետ, այժմ նրա հիմնական խնդիրները երկուսն են՝ Իսրայելի կողմից Ադրբեջանի տարածքի հնարավոր օգտագործումը Իրանի դեմ հետախուզական և ռազմական նպատակներով և հավանականությունը, որ Ադրբեջանը կարող է գրավել Հայաստանի հարավային Սյունիքի մարզը և խափանել իր կապը Հայաստանի հետ։

Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլահիանի խոսքերը, որ «մենք իրանական սահմանի մոտ երբեք չենք հանդուրժի սիոնիստական կեղծ ռեժիմի գոյությունը», ինչպես նաև «տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն» այդ մտավախությունների վկայությունն են:

Թեհրանի տեսանկյունից Թել Ավիվը փորձում է ապակայունացնել տարածաշրջանը և անվստահության մթնոլորտ ստեղծել հարևան երկու երկրների միջև։ Անցկացվող զորավարժությունների անունը՝ «Խայբարի նվաճողները», ընդգծում է այդ պահը․ 628 թվականին Խայբարի ճակատամարտում Մուհամեդ մարգարեն հաղթել էր Խայբարի շրջանի հրեաներին, որոնք, ըստ իսլամական աղբյուրների, արաբական ցեղերին հրահրում էին Մեդինայի մուսուլմանների դեմ: Իրանի Իսլամական Հանրապետության տվյալներով՝ Իսրայելն Ադրբեջանի գրաված շրջաններն օգտագործում է Իրանի դեմ հետախուզական գործողությունների համար։

Թեհրանը Բաքվին վաղուց մեղադրում է 2010-2012 թվականներին իրանցի միջուկային գիտնականների սպանության գործում իսրայելական հետախուզությանն աջակցելու մեջ․ 2012-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել էր Ադրբեջանի դեսպանին և բողոքի նոտա հանձնել նրան:

Թեև Ադրբեջանը պնդում է, որ իր բարեկամությունն Իսրայելի հետ ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ, Իրանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դրա վերաբերյալ հակառակ տեսակետն ունի։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից Իրանի հետ սահմանը վերահսկելու համար իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, ինչպես նաև իսրայելական ընկերությունների մասնակցությունը անցյալ տարի Ադրբեջանի՝ Իրանին սահմանամերձ վերագրաված տարածքներում ծրագրերին, Թեհրանի կասկածները էլ ավելի են ուժեղացրել:

Փաստը, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը ձեռք է բերվել իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, հիմք է տալիս ենթադրելու, որ Թել Ավիվի աջակցությունը անպատասխան չի մնացել: Իր հերթին, ըստ ենթադրությունների, Իսրայելն Ադրբեջանից «ինչ-որ բան» է ուզել, և դա ամենայն հավանականությամբ կապված է Իրանի հետ։

«Իրանի միջուկային ծրագիրը հասել է բեկումնային պահի, ինչպեսև՝ մեր հանդուրժողականությունը։ Բառերը չեն կանգնեցնում ցենտրիֆուգների պտույտը […] Մենք թույլ չենք տա, որ Իրանը միջուկային զենք ստանա»,- սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ունեցած իր ելույթում հայտարարեց Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը։

Բենեթի կտրուկ հայտարարություններին հաջորդել էր իսրայելցի ռազմական ղեկավարների սուր հռետորաբանությունը։ Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոխավին դեռ հունվարին հայտարարել էր, որ իրենք նոր «օպերատիվ պլաններ» են մշակում ռազմական հզոր հարվածի համար: Իսկ օգոստոսին նա պնդել էր, որ Իրանի միջուկային առաջընթացը Իսրայելի զինված ուժերին դրդել է «արագացնելու իր օպերատիվ պլանները»՝ դրա համար հատկացնելով նոր բյուջե: Սեպտեմբերին էլ Կոխավին հայտարարել է, որ Իսրայելի զինված ուժերը «էապես արագացրել է» Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունների նախապատրաստումը։

Ադրբեջանում իսրայելական ներկայության հերքումից հետո նույնիսկ նախագահ Իլհամ Ալիևը Ջեբրայիլում ՝ իրանական սահմանի մոտ, լայն ժպիտով լուսանկարվեց իսրայելական արտադրության Harop անօդաչուն շոյելիս։

Իսկ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը նշեց անցյալ տարվա պատերազմի տարին՝ հրապարակելով ադրբեջանցի զինվորի լուսանկար՝ իսրայելական «Տավոր» ինքնաձիգով: Բաքուն դիտմամբ ուշադրություն է հրավիրում երկրում Իսրայելի ազդեցության վրա։

Եվ այս պայմաններում Թեհրանն ավելի քան երբևէ պատճառներ ունի իսրայելական սպառնալիքի նկատմամբ զգայուն լինելու։

Խնդիրը խորանում է նաև նրանով, որ Իրանը հետպատերազմյան Հարավային Կովկասում իրեն մեկուսացված է զգում տարածաշրջանային խաղացողների կողմից։ Այն դեպքում, երբ ռուս զինվորները ծառայում են որպես խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղում, իսկ թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը հետևում է Ղարաբաղում հրադադարի պահպանմանը, Իսլամական Հանրապետությունը մի կողմում է հայտնված։ Չնայած Իրանը սահմանակից է պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերագրաված տարածքներին՝ Բաքուն իրանական որևէ ընկերության հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացին մասնակցելու հրավեր չի ուղարկել։

Իրանի նկատմամբ անվստահությունը չի սահմանափակվում միայն Ադրբեջանով։ Վերջին շաբաթներին Վրաստանը թույլ չի տալիս Իրանի որոշ բնակիչների մուտքը, որոնք այնտեղ կացության կարգավիճակ ունեն։ Պատճառները մնում են անհայտ:

Այս ամենից բացի, Ադրբեջանի վերջին իռեդենտիստական նկրտումները Հայաստանի՝ Իրանի հետ կապող շրջանի նկատմամբ մտահոգություններ են առաջացնում ոչ միայն Երևանում, այլև Թեհրանում։ 2020-ի նոյեմբերի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը Ադրբեջանին իրավունք է տվել Հայաստանի հարավով (Սյունիքի մարզ) կապվելու Նախիջևանի իր էքսկլավի հետ: Այդ տարանցիկ կապը Ադրբեջանում լայնորեն հիշատակվում է որպես «Զանգեզուրի միջանցք», որը նախագահ Ալիևը սպառնացել է գրավել ուժով, եթե այն կամավոր չբացվի։

Այնուհետև՝ հուլիսի 7-ին, Ադրբեջանը հայտարարեց իր ներքին տնտեսական շրջանների վերակազմավորման մասին, որոնց մեջ ներառվեց Սյունիքին սահմանակից նոր տարածաշրջան՝ «Արևելյան Զանգեզուր» անվանումով՝ այն ակնարկով, որ գոյություն ունի նաև «Արևմտյան Զանգեզուր», այսինքն՝ Սյունիք։ Այդ մտադրությունը հաստատվեց Իլհամ Ալիևի կողմից մի քանի օր անց նրա ունեցած ելույթում։

«Այո՛, Արևմտյան Զանգեզուրը մեր նախնիների հողն է,- ասաց նա:- Մենք պետք է վերադառնանք այնտեղ, և մենք կվերադառնանք»:

Չնայած նման ելույթները արվում են հիմնականում ամբոխահաճության նպատակներով և նախատեսված են ներքին լսարանի համար, դրանք շատ լուրջ են ընկալվում Թեհրանում: Հայաստանի հետ կապի կորուստը նշանակում է կորցնել դյուրին մատչումը տարածաշրջանին և գործ ունենալ վերջերս հանդուգն դարձած Ադրբեջանի հետ, որին խիստ աջակցում է Իրանի ոխերիմ թշնամի Իսրայելը։

Թեհրանը զգույշ է գործում՝ Բաքվին ոչ երկիմաստ ուղերձ հղելով։ Իսլամական Հանրապետությունը ցանկանում է վերահաստատել ազգային անվտանգության իր կարմիր գծերը, հաստատել զսպման հուսալի մակարդակ և հավաստել իր անվիճելի տարածաշրջանային դերը, որը խամրել է տարածաշրջանում անվտանգային վերջին իրադարձությունների պատկերին:

Վերջիվերջո, իր հյուսիսային սահմանների ապակայունացումը ցանկալի չէ Իրանի համար, որը կրում է զանգվածային պատժամիջոցների զրկանքները և ներգրավված է Մերձավոր Արևելքի բազմաթիվ աշխարհաքաղաքական ու ռազմական գործողություններում: Իմանալով, թե ինչ բարդ իրավիճակում է հայտնվել Թեհրանը՝ Ադրբեջանը չի վախենում հանդուգն պատասխանելուց։

Չնայած աճող լարվածությանը՝ առջևում դիվանագիտական լուրջ իրադարձություններ են։ Թեհրանում մոտ ժամանակներս տեղի կունենա եռակողմ հանդիպում Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Մինչ այդ, Իրանում և Ադրբեջանում դիվանագիտական ապարատները կանոնավոր կապ են պահպանում իրար հետ։

Իրականում այլ ճանապարհ չկա։ Եթե երկու երկրների միջև պատերազմ բռնկվի, երկուսն էլ անկասկած կպարտվեն, և միակ շահառուն կլինեն երրորդ կողմերը։

Մեկնաբանել