Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7,5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի կենտրոնում․ «Հետք»

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքին պատկանող VH estate ընկերությունը 2010-ին Փարիզի կենտրոնում 7,5 միլիոն եվրոյով երկու միավոր անշարժ գույք է ձեռք բերել։ Այդ մասին հետաքննություն է հրապարակել «Հետք»-ը։

Ըստ հրապարակման՝ անշարժ գույքը գտնվում է Ելիսեյան դաշտերի հարևանությամբ՝ Փարիզի 8-րդ շրջանում։ VH estate ընկերությունը հիմնվել է որպես ոչ թե կոմերցիոն ընկերություն, այլ անշարժ գույքի առքուվաճառքի, կառավարման ու վարձակալության ընկերություն։ Սկզբից որպես դրա փայատեր են հանդես եկել նախագահի քույրը՝ Կարինե Սարգսյանն ու նրա դուստրը՝ Տաթևիկ Սարգսյանը, հետագայում ընկերության 1 տոկոսի բաժնետեր է դարձել Արմեն Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։ Ընկերության տնօրեն երկար տարիներ եղել է հենց Արմեն Սարգսյանը։

Ձեռք բերված գույքը Փարիզի Հաղթական կամարից ընդամենը 500 մետր հեռավորության վրա է։ Գույքի ձեռքբերման համար Սարգսյանները SG Private Banking-ի Մոնակոյի մասնաճյուղից երկու վարկ են վերցրել՝ մեկը 7.5 միլիոն եվրոյի չափով, իսկ մյուսը՝ 240 000 եվրոյի չափով։ Գույքը նաև գրավադրված է՝ որպես վարկային պարտավորությունների կատարման երաշխիք, իսկ վարկի մարման ժամկետը 2023 թվականն է։

«Հետք»-ը նաև պարզել է, որ Սարգսյանը VH estate-ում տնօրեն եղած ժամանակ այդ մասին իր գույքի, ունեցվածքի, եկամուտների հայտարարագրում ոչինչ չի նշել։ Նախագահական նստավայրից գույքի տիրապետման մասին տեղեկատվությունը համարել են անձնական տվյալ ու չեն պատասխանել լրատվամիջոցի հարցմանը։

Մեկնաբանել