Արցախում առաջարկում են ընդլայնել խաղաղապահների գործառույթները

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյան հայտնել է, որ հարկավոր է քննարկել ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթների ու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունները, որպեսզի նրանք ունենան բոլոր անհրաժեշտ լծակները (այդ թվում՝ ռազմական) արդյունավետորեն երաշխավորելու Արցախի բնակչության անվտանգությունը։

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ Բեգլարյանը նաև ողջունել է ՌԴ պաշտպանության նախարարության երեկվա «հստակ հայտարարությունը»: Պետնախարարը մասնավորապես նշել է․

«Երեկ նամակ գրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախի անվտանգության խորհուրդը, նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, նպատակ ուներ նրա ուշադրությունը հրավիրելու Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի վրա, քանի որ այդ տարածքը ամբողջովին գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տիրույթում: Մենք ակնկալիք ենք հայտնել, որ ՌԴ ջանքերի շնորհիվ կվերացվեն այդ ագրեսիայի հետևանքները և ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր»:

***

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը և մինչ օրս հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երեք պայմանագրային զինծառայող, 15 հոգի վիրավորվել է։

Մեկնաբանել