Անկլավների հարցը կքննարկվի սահմանազատման գործընթացի շրջանակում․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

«Ղազախի շրջանի 7 գյուղի (Տավուշի մարզի անկլավային գյուղեր – խմբ․) և Քյարքիի (Տիգրանաշեն – խմբ․) վերադարձն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը:

«Հայաստանը երբեք չի կարող հայտարարել, որ դրանք Ադրբեջանի տարածքները չեն, դրանք Ադրբեջանինն են»,- նշել է Խալաֆովը, ավելացնելով՝ «այդ տարածքների վերադարձն Ադրբեջանին պահանջում է սահմանազատման գործընթաց, ուստի հարցը կքննարկվի այդ շրջանակում»:

Նա վստահեցրել է, որ «Այդ տարածքների՝ Ադրբեջանի կազմ վերադարձի հարցը կքննարկվի և կգտնվի լուծումը»:

Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է նաև, որ Հայաստանի հետ խաղաղության բանակցություններում պետք է հիմք ընդունվեն Բաքվի առաջարկած հինգ կետերը:

***

Մայիսի 5-ին անկլավների թեմային անդրադարձել էր նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշել էր, որ «մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել»։

«Կարելի է ասել, որ երկու կողմից էլ (Հայաստանի և Ադրբեջանի- խմբ․) անկլավ կա, և դրանց տարածքները գրեթե հավասար են, երկու կողմն էլ լուռ է այս հարցում և այն դեռևս չի քննարկվել: Մեր հույսն այն է և հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր Գրիգորյանը։

Մեկնաբանել