Հնդկաստանը «ագրեսոր կողմին կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները»

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հնդկաստանի ԱԳՆ-ն «ագրեսոր կողմին կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»։

“Մենք հաղորդումներ ենք ստացել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։ Մենք ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները։ Կարծում ենք, որ երկկողմ վեճերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Ոչ մի հակամարտություն չի կարող ռազմական լուծում ունենալ։ Երկու կողմերին կոչ ենք անում շարունակել բանակցությունները՝ կայուն և խաղաղ լուծման հասնելու համար»,- ասված է հայտարարությունում։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 49 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական երեք անձ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։

«Հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ, ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի զինված ուժերը շարունակում է ողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները»,- հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Մեկնաբանել