Լավրովն ու Բայրամովը կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կընդունի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին, որն աշխատանքային այցով մեկնելու է ՌԴ»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

«Նախատեսվում է հանգամանորեն քննարկել մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային իրադարձություններ, և հատուկ ուշադրություն կհատկացվի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ Դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Մեկնաբանել