Աղավնո-Բերձոր հատվածում Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում արձանագրվել է վթար

Հունվարի 9-ին Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով»,- ասված է հաղորդագրությունում։

Ելնելով տվյալ իրավիճակից` Արցախում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ․ «Հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով, խնդրում ենք հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան»,- նշում են շտաբից։

Մեկնաբանել