Կացարանում վառարանը բենզինով վառելու պատճառով հրդեհի նախնական վարկածն ամենակենսունակն է․ դատախազ

Ազատի զինվորական կացարանում հրդեհի նախնական վարկածը, որ այն բենզինի 5 լիտրանոց տարայի օգտագործման պատճառով է բռնկվել, այս պահին ամենակենսունակն է։ Կառավարության հունվարի 26-ի նիստի ընթացքում այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Մյուս բոլոր վարկածները ստուգվում են, և բացառման կանոնով քննությունն իրականացվում է, բայց հիմնական վարկածը, որի շուրջ այս պահին քննությունն իրականացվում է, և կարծես թե, այս պահի դրությամբ ունենք ապացույցների այն բազան, որով նաև մեղադրանք ենք առաջադրում, կառավարության նիստի ընթացքում հրապարակված հիմնական վարկածն է։ Բայց կրկնում եմ՝ բոլոր վարկածների ուղղությամբ քննությունն իրականացվում է, որպեսզի հետո հանկարծ չհնչեն կասկածներ, որ մենք որևէ վարկած չստուգեցինք, որը հանրությունը քննարկում էր»,- ասել է Վարդապետյանը։

Նա հայտնել է նաև, որ կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն ձերբակալվել է.

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս հաստատել է, որ հարցաքննություններով հիմնավորվում է վառարանը բենզինով վառելու նախնական վարկածը։

«Բոլոր վկաները, որոնք մինչ այս պահը հարցաքննվել են, ուղիղ վկայում են այն մասին, որ բենզինով վառարանը վառելու՝ ի սկզբանե առաջ քաշված վարկածը հիմնավորվում է։ Ասեմ ավելին՝ երկու օր առաջ օրապահը, որը անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը։ Այսինքն, ամեն ինչ շատ պարզ է, ու այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ՝ այնքան էլ ազնիվ չեն»,- նշել է Քյարամյանը։

***

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3 զինծառայող տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Մեկնաբանել