Կոկաինի հասցեատերը, կարծես, բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է․ Փաշինյան

Հայաստան մեկ տոննա կոկաինի ներմուծման դեպքը արտառոց է, Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կոկաինի հասցեատերը կարծես բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերություն է, որի սեփականատերը Ազգային ժողովի նախկին պատգամավոր էր, ՀՀԿ խմբակցության անդամ (ըստ ամենայնի՝ նկատի ունի ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին – խմբ․)»,- ասաց նա։

Թմրանյութի ներմուծման հարցերում պաշտոնատար անձանց ներգրավման մասին խոսելով, Փաշինյանը նշեց՝ Հայաստանում կան հազարավոր պաշտոնյաներ, և եթե այդ անձանց նկատմամբ «անաղարտության կանխավարկածով» առաջնորդվեին, հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում քայլեր չէին ձեռնարկի։

«Աշխարհի ամենազարգացած երկրներում թրմրաշրջանառությունն աճում է ու որոշ նյութերի օրինականացում է գնում։ Ինչո՞ւ են գնում դրան, որպեսզի փորձեն օրենքի դաշտում պահել»,- նշեց Փաշինյանը։

Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու և ապօրինի իրացնելու համար ձերբակալվել է «հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ-ն»։

***

Մայիսի 16-ին իտալական ANSA գործակալությունը փոխանցել է, որ Իտալիայի Ջոյա Տաուրո նավահանգստում առգրավել են ավելի քան 2,7 տոննա կոկաին, որը պետք է Վրաստանի Բաթումի նավահանգստով տեղափոխվեր Հայաստան։ Թմրանյութը թաքցվել է Էկվադորից Իտալիա ուղարկված բանանի արկղերում։

Մայիսի 17-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ Հայաստան է ներմուծվել կոկաին տեսակի մոտ մեկ տոննա քաշով թմրամիջոց․ «Պարզվել է, որ ՀՀ-ում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում»,- հայտնել է ԱԱԾ-ն։

Մեկնաբանել