Ընտրախախտումների վերաբերյալ օմբուդսմենը ստացել է 38 ահազանգ

ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նախնական ամփոփում:

Ինչպես հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքը, սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը և մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա։

Ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երևանյան և մարզային գրասենյակները ստացել են 38 ահազանգ, իրականացվել է 10 արագ արձագանքում, մնացած դեպքերում տրվել է բանավոր խորհրդատվություն։

Գեղարքունիքի մարզ՝ 34 ահազանգ, 9 արագ արձագանքում:

Տավուշի մարզ՝ 1 ահազանգ, 1 արագ արձագանքում:

Վայոց Ձոր մարզ՝ 1 ահազանգ:

Կոտայքի մարզ՝ 2 ահազանգ:

Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են հետևյալ ընտրախախտումներին՝ ընտրությունների ընթացքում լրագրողին ընտրատեղամաս մուտք գործելու խոչընդոտում (1 ահազանգ), քաղաքացիներին տեղամասային կենտրոններ անվճար տեղափոխելու (3 ահազանգ), տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից կենտրոն մուտք գործելու (3 ահազանգ), քվեախցիկում միաժամանակյա 2 անձանց քվեարկության (2 ահազանգ), ընտրատեղամասում թեքահարթակի բացակայության (1 ահազանգ), վստահված անձանց կողմից քաղաքացիների ուղղորդման (4 ահազանգ), տեղամասային կենտրոններում և դրանց դիմաց օրենքով սահմանված կարգի խախտումով կուտակումների և ընտրական քարոզչության իրականացման (19 ահազանգ) և այլ դեպքեր (5 ահազանգ)։

ՄԻՊ գրասենյակից հաղորդում են, որ ստացված ահազանգերը գտնվում են ուսումնասիրության փուլում, որից հետո կհարուցվեն համապատասխան վարույթներ։

Մեկնաբանել