Օմբուդսմենը Գետահովիտում հէկի կառուցման հարցով դիմել է բնապահպանության նախարարին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ բնապահպանության նախարարար Արամ Հարությունյանին Գետահովիտ համայնքում հէկի կառուցման հարցով:

ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մի խումբ բնակիչներ հոկտեմբերի 3-ին դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին Գետահովիտ համայնքի Աղստև գետի Պաղջուր վտակի վրա կառուցվող հէկի կապակցությամբ, որն իրականացվում է առանց համապատասխան հասարակական լսումների և ՀՀ օրենսդրության մի շարք խախտումներով:

Պաշտպանը բարձրացված խնդրի կապակցությամբ դիմել է բնապահպանության նախարարին` խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան կառույցներին հանձնարարել ուսումնասիրել խնդիրը, ներկայացնել տեղեկություններ իրավական հիմքերի չպահպանման վերաբերյալ:

Ըստ համայնքի բնակիչների` հէկի կառուցման օրինականության հետ կապված մասնավորապես խախտվել են Օրհուսի կոնվենցիայի դրույթները, ,Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասինե, ,Բնության հատուկ պահպանվող տարածքների մասինե, ,Բուսական աշխարհի մասինե, ,Կենդանական աշխարհի մասինե օրենքներում ամրագրված դրույթները:

Հավելենք նաև, որ բնակիչները դժգոհում էին, որ հասարակական լսումները կատարվել են Տավուշի մարզի Ենոքավան համայնքում, այն դեպքում, երբ կառուցվող «Խաչաղբյուր-2» փոքր հէկի ազդեցությունն ամբողջությամբ տարածվում է Գետահովիտ համայնքի վրա»:

Մեկնաբանել