Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են խաղաղության գործընթացին, սահմանազատմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:

«Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածություններն արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, և հանդիպումը որևէ գաղտնի օրակարգ չի ունեցել: Վարչապետը նաև դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի մասին՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փաշինյանն ու Բլինքենը ընդգծել են 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունների կարևորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում․ «Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաև նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը»,- հայտնում են կառավարությունից։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Վարչապետը նշել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքով՝ 2023-ի հուլիսին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ անցկացված եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան։

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Մեկնաբանել