«Բայկոնուրի» շուրջ տարաձայնությունները չափազանցված են․ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ լրատվամիջոցները «լուն ուղտ են դարձրել»․ Ռուսաստանի և Ղազախստանի միջև լուրջ տարաձայնություններ չկան «Բայկոնուր» տիեզերակայանի օգտագործման շուրջ։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

2012թ․ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Ղազախստանն ու Ռուսաստանը նոր համաձայնագիր են մշակում «Բայկոնուր» տիեզերակայանի օգտագործման վերաբերյալ։ Երկու երկրների իշխանությունները հայտարարեցին «վարձակալական հարաբերություններից աստիճանաբար հրաժարվելու» մասին։

Հունվարի 24-ին որոշ լրատվամիջոցներում հայտնվեցին ռուս և ղազախ դիվանագետների հայտարարություններ, որոնցում խոսվում էր Աստանայի՝ տիեզերակայանից ռուսական «Պրոտոն» տեսակի հրթիռների արձակման քանակը 2013թ․ նվազեցնելու մասին, ինչն առաջացրել է ռուսական կողմի կտրուկ արձագանքը։

Լավրովը հայտարարել է, որ այդտեղ սենսացիոն ոչինչ չկա․ դա միայն աշխատանքային գործընթացի մի մասն է։

«Ծագել են հարցեր արձակումների քանակի շուրջ, դա կապված է Ղազախստանի՝ այդ գործընթացների էկոլոգիական հետևանքների վերաբերյալ մտագոհությունների հետ։ Ռուսական կողմն անում է անհրաժեշտ ամեն բան՝ «Պրոտոն» հրթիռների էկոլոգիական ասպեկտները բարելավելու համար»,- ասել է նա այսօր՝ հունվարի 25-ին, Մոսկվայում Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսին։

Մեկնաբանել