ԱՄՆ-ում ուսման վարկը չի կարողանում մարել յուրաքանչյուր վեցերորդ ուսանողը

ԱՄՆ-ում բուհն ավարտած յուրաքանչյուր վեցերորդ ուսանողը չի կարողանում մարել ուսման վարկը, ասվում է ամերիկյան Equifax ընկերության հետազոտության մեջ: 2013-ի միայն հունվար-փետրվար ամիսներին ԱՄՆ բանկերը իրենց հաշվեկշիռներից «փրկել» են ուսման շուրջ $3 մլրդ-ի չմարված վարկեր, որը 36%-ով գերազանցում է 2012թ. նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը:

«ԱՄՆ աշխատաշուկայում վատ իրադրության պահպանումը և բուհն ավարտելուց հետո աշխատանք գտնելու սահմանափակ հնարավորությունները հանգեցնում են բանկերի կողմից դուրս գրվող պարտքերի ժամկետների տևական երկարացմանն ու ծավալների մեծացմանը»,-ասված է հետազոտության մեջ: Այս միտումը հատկապես վտանագավոր է՝ հաշվի առնելով ուսման վարկերի բավական մեծ տարածումը: Այսպես՝վերջին տարիներին հատկացված ուսման վարկերը գրեթե $1 տրլն է, ինչը, իր հերթին, պայմանավորված է կրթության կայուն թանկացմամաբ: Այսպես՝ վերջին տասը տարում բակալավրիատի բուհական չորսամյա կրթությունը տարեկան թանկացել է 5,2%-ով:

Փորձագետներին հատկապես մտահոգում են ուսանողների շրջանում սնանկության դեպքերի աճի հետևանքները: Այսպես՝ շատ ամերիկացիների համար ուսման վարկը առաջին փոխառությունն է կյանքում, և դրա չմարումը վարկային պատմության «փչանալու» պատճառ է դառնում: Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի տվյալների համաձայն՝ վարկային պատմությունն արդեն «փչացրել» է ԱՄՆ 40 մլն ուսանողների 17%-ը, որը երկրի մասշտաբով կարող է զգալիորեն ազդել ինչպես սպառման մակարդակի, այնպես էլ տնտեսական աճի տեմպերի վրա:

Ամերիկացի ուսանողները ևս բավական լուրջ են վերաբրվում ուսման վարկերի խնդրին: Ամերիկյան Princeton Review-ի հարուցմների համաձայն՝ 2012թ. ուսանողների 38%-ին ամենից շատ մտահոգել է բուհն ավարտելուց հետ պարտքային մեծ պարտավորությունների առկայությունը: Ուսանողների 33%-ին էլ անհանգստացնում է ցանկալի բուհն ընդունվելու, սակայն ուսման վարձի վճարման խնդիրը: 2009թ.նրանց մեծ մասին առավելապես անհանգստացնում էր ցանկալի բուհ չընդունվելու խնդիրը: Ներկայում այդ մտահգությունը կիսում է հարցված ուսանողներից միայն յուրաքանչյուր հինգերորդը:

Մեկնաբանել