Facebook-ին դատի են տվել Timeline-ի համար

Facebook սոցցանցը չի կարողացել պաշտպանել իր իրավունքները Timeline առևտրանիշի սեփականության իրավունքի հետ կապված դատական գործընթացում: Mashable-ի հաղորդմամբ` Facebook-ի դեմ առաջին հայցը դեռ 2011թ. սեպտեմբերին ներկայացրել է ամերիկյան Timelines.com ընկերությունը:

Facebook-ն այդպես էլ չկարողացավ դատական մարմիններին ապացուցել Timeline-ի նկատմամբ ունեցած իր բացառիկ իրավունքները: Ապրիլի 22-ին նախատեսված դատական նիստում կորոշվի, թե որ ընկերությանն է պատկանելու Timeline բրենդը:

Նշենք, որ Timelines.com-ը Facebook-ին մեղադրում է Timelines առևտրանիշի նկատմամբ ունեցած իր իրավունքների խախտման և գործնականում իր բիզնեսը շուկայից դուրս մղելու մեջ:

Timeline-ի նոր տարբերակի դեպքում օգտատիրոջ ընկերների և կարգավիճակի փոփոխությունների հետ կապված անձնական էջի թարմացումները ներկայացված կլինեն փրոֆայլի ձախ կողմում, իսկ աջ կողմը նախատեսված կլինի օգտատիրոջ վերջին գործողությունները նշելու համար, օրինակ` like-երը կամ Instagram-ից վերցված լուսանկարները:

Հաջորդ կարևոր փոփոխությունը լուսանկարների, քարտեզների, ընկերների, հավանած էջերի առանձնացված բաժիններն են, որոնք ներկայում ուղղահայաց տեղակայված են Timeline-ի աջ կողմում, կտեղափոխվեն փրոֆայլի վերևի հատվածի հորիզոնական մենյու: Հնարավորություն կտրվի նաև հին ամսաթվով գրառումներում հավելումներ կատարել: