Սուրեն Զոլյանի բողոքը մերժվել է

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Իսկուհի Վարդանյանի նախագահությամբ անփոփոխ՝ օրինական ուժի մեջ է թողել Սուրեն Զոլյանն ընդդեմ ՀՀ ԿԳՆ-ի գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2012 թվականի վճիռը: Վերաքննիչ դատարանը մերժել է Սուրեն Զոլյանի բողոքը. հաղորդում է «Փաստինֆո»-ն:

Հիշեցնենք, որ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և սկսած 2012 թվականի ապրիլի 17-ից հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին: Հայցվորը գտնում է, որ անգամ աշխատանքային պայմանագիրը ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից ռեկտորին կարգապահական պատասխանատվություն կիրառելու լիազորություն չի վերապահում: Ուստի նախարարը թույլ է տվել արարք, որը դուրս են վերջինիս լիազորությունների շրջանակից:

Ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2012 թվականի վճռով հայցը մերժվել էր:

Ս.Զոլյանն իր բողոքում պահանջել է ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.12.12թ վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները հիմնավորված չեն` ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է գործն, ըստ էության, ճիշտ լուծող դատական ակտ:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել