Է. Նալբանդյանն ընդունել է Ուկրաինայի փոխարտգործնախարարին

Ապրիլի 10-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Օլեֆիրովը ընդգծել է, որ Երևանում է գտնվում պատվաբեր առաքելությամբ՝ Ուկրաինայի նախագահի հանձնարարությամբ մասնակցելու ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին երկու երկրների միջև համագործակցության տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացի կապակցությամբ և նշել, որ կան բոլոր հնարավորությունները փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով ձեռնարկվող քայլերին:

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության օրակարգի հարցերի քննարկման ենթատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատարը կարևորել է հունիսին Ուկրաինայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի այցելությունը Հայաստան։

Մեկնաբանել