Ճապոնիայում սերիալ են նկարահանել ըստ Դոստոևսկու

Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրները» վեպի հիման վրա նկարահանված սերիալում գործողությունները 19-րդ դարի Ռուսաստանից տեղափոխվել են ժամանակակից Ճապոնիա: Ֆիլմն առհասարակ շատ է տարբերվում ռուս մեծ գրողի վեպից: Գլխավոր հերոսների ազգանունը փոխվել է «Կուրոսավա»-ի, իսկ կրոնական մոտիվները գրեթե ամբողջությամբ բացակայում են:

Ճապոնական «Կարամազով եղբայրները» սերիալը երկրում տարվա ամենանշանակալի հեռուստաիրադարձություններից է դարձել: Այն դրդել է դիտողներին անդրադառնալ սկզբնաղբյուրին, ինչպես նաև աշխուժացրել ընթերցողների հետաքրքրությունը Դոստոևսկու այլ վեպերի հանդեպ: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա» պարբերականին հայտնել է սերիալի գաղափարի հեղինակ, «Ֆուձի TV» հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Սատո Միսատոն:

«Մեր հեռուստանախագիծը շատերին դրդել է առաջին անգամ կարդալ ռուս գրողի վեպը: Դա են վկայում նաև հրատարակչությունները: Դասական գրականությունը մեր օրերում պահանջարկ չունի: Մինչդեռ ավագ սերնդի ներկայացուցիչների կյանքում Դոստոևսկին կարևոր տեղ է զբաղեցնում, շատերն էին տարված նրա ստեղծագործություններով 60-ականների և 70-ականների ուսանողական ընդվզումների շրջանում: Այս մարդիկ սովորաբար չեն դիտում սերիալներ, սակայն մեր սերիալով հետաքրքրվել են: Դիտողների շրջանում բավական շատ են 35-50 տարեկան տղամարդիկ»,- ասել է Սատո Միսատոն:

Ճապոնական «Կարամազով եղբայրներում» կրտսեր եղբայրը ոչ մի առնչություն չունի վանական կյանքին, նա բարեհաջող սովորում է բժշկական համալսարանում: Մեծ եղբայրը` Դմիտրի-Միցուրուն, հետաքրքրվում է բնական գիտություններով, իսկ միջնեկը` Իվան-Իսաոն, Տոկիոյում բնակվող հաջողակ փաստաբան է:

Մեկնաբանել