Իրանի բոլոր թեմերը պատրաստ են զորակցել սիրիահայերին. Թեհրանի թեմի առաջնորդ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության կապակցությամբ Հայաստանում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ներկայացուցիչներ՝ Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին և Սպահանի թեմի Առաջնորդ Բաբկեն եպիսկոպոս Չարյանին. հաղորդում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից: Քննարկվել են Իրանի հայկական համայնքին հուզող տարաբնույթ խնդիրներ: Հյուրերը վստահեցրել են, որ Իրանի թեմը և ողջ հայկական համայնքը շարունակելու է զորակցել հայրենիքին՝ նրա նոր վերելքի ճանապարհին:

Խոսվել է սիրիահայության խնդիրների մասին: Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն ասել է. «Սիրիահայ համայնքը խորհրդանիշն է հետցեղասպանության մեր հառնումի: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Իրանի բոլոր թեմերն ու համայնքային կառույցները նյութական և բարոյական օժանդակությամբ իրենց զորակցությունն են հայտնում մեր սիրիահայ հայրենակիցներին և աղոթում, որ խաղաղություն տիրի սիրիական հողում»:

Նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել այն ջանքերն ու նվիրվածությունը, որի շնորհիվ Իրանի հայկական համայնքն ու մասնավորապես Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսության Իրանի թեմը փորձում են պահպանել, զարգացնել ու տարածել մայրենի լեզուն, մշակույթն ու հոգևոր, ընտանեկան ավանդույթները, հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությունը: Հաջորդ օրը Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի և դոկտոր Անդրանիկ Սիմոնյանի վերախմբագրությամբ` Արշալույս Աղայանի և Բագրատ Տերտերյանի «Հայ տպագրությունը Իրանում 1638-2011թթ.» գրքի շնորհանդեսը: