Երևանում ԵԽ գրասենյակ կհիմնվի

Ապրիլի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Թորբյորն Յագլանդը ստորագրել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հիմնադրման և դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիրը: Նշվում է, որ գրասենյակի բացմամբ Հայաստանում Եվրոպայի խորհրդի ներկայության կարգավիճակը կբարձրանա նոր մակարդակի:

Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ԵԽ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Թորբյորն Յագլանդն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, այս անգամ այցելությունը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահության նախօրեին:

«Ուղիղ մեկ ամիս հետո՝ մայիսի 16-ին, Հայաստանը ստանձնելու է ԵԽ նախագահությունը: Սա շատ կարևոր հանգրվան է Հայաստանի համար իբրև ԵԽ անդամ երկիր, բայց նաև՝ մեծ պատասխանատվություն, և մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք լավագույնս իրականացնելու այս առաքելությունը»,- ասել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ընդունելության համար՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպությանն անդամակցելուց հետո Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ապահովման և ժողովրդավարության ամրապնդման առումով զգալի բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքները տեսանելի են։

Զրուցակիցները քննարկել են ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունները, կարևորել դրանցում Եվրոպայի խորհրդի բոլոր երեք ուղղությունների` մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ներառումը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ՀՀ նախագահության շրջանակում նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ խորհրդարանների, Սահմանադրական դատարանների, արտգործնախարարների մակարդակով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջկրոնական, միջմշակութային երկխոսությունը, տեղական ժողովրդավարությունը, խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը։ Ծրագրված է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետների մակարդակով համաժողով։

Կայանալու են բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ, մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահի այցը:

Էդվարդ Նալբանդյանն աջակցություն է հայտնել կազմակերպության բարեփոխմանն ուղղված Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նախաձեռնություններին:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. գործողությունների ծրագրի իրականացումը:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը Թորբյորն Յագլանդին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը: