Turkish Airlines-ը ռուս ուղևորներին, հնարավոր է, արգելի ալկոհոլ օգտագործել

Անկարգապահ ուղևորներից հոգնած թուրքական ավիաընկերությունը հնարավոր է՝ արգելի ոգելից խմիչքների օգտագործումը ռուսական չվերթների ժամանակ, գրել է Washington Post-ի սյունակագիր Մաքս Ֆիշերը՝ հղում անելով «Իզվեստիա» թերթին:

Նման որոշման հիմք է հանդիսացել ոգելից խմիչքներ օգտագործած և անկառավարելի դարձած ռուս ուղևորների մասնակցությամբ միջադեպերի շարքը: Միայն անցյալ տարի Turkish Airlines-ի չվերթների ժամանակ գրանցվել է 28 միջադեպ, որոնց ստիպված է եղել միջամտել ոստիկանությունը:

«Ռուսաստանն անշուշտ մեծ երկիր է՝ 143 մլն բնակչությամբ, և անարդար ու սխալ կլիներ ամբողջ երկրի մասին դատել մեկ տասնյակ անկարգապահ զբոսաշրջիկներով, ինչպես և սխալ կլիներ ԱՄՆ-ի մասին դատել՝ ելնելով Թիխուանայում (ամերիկացիների սիրած հանգստի վայր Մեքսիկայում) մի քանի սանձարձակ ամերիկացիների վարքից: Turkish Airlines-ն արդեն արգելել է ալկոհոլի օգտագործումն այլ ուղղություններով, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի չվերթների ժամանակ, չնայած՝ դա թերևս կապված է այդ երկրում ալկոհոլի վրա դրված արգելքի հետ: Արդար է, թե ոչ, սակայն Մոսկվայից Ստամբուլ ուղևորվող զբոսաշրջիկները, հնարավոր է, սկսեն խմիչք օգտագործել տեղ հասնելուց հետո», – գրել է հեղինակը:

Մեկնաբանել