Լուսանկարային համակցումը` Yerevan.am-ի
Այսօր մեր բուհերի աշխատանքը կամ իրենց տրված պրոդուկտը պրոդուկտ չէ, այլ կերպ ասած՝ մեր բուհերը «իմպոտենտ» են: Մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը՝ անդրադառնալով տարբեր բուհերում ուսաման վարձերի թանկացմանը:
«Գների բարձրացմանը զուգահեռ պետք է դրան համարժեք որակյալ կրթություն նաև մատուցել, որպեսզի համալասարանը ավարտելուց հետո ուսանողները ստիպված չլինեն նոր կուրսերի գնալ՝ աշխատաշուկայի համար պիտանի լինելու համար»,- ասաց Ասատրյանցը:
Ասոցացիայի սոցիալական հանձնաժողովի անդամ Արմինա Յարալովան էլ նշեց, որ մայիսի 30-ին իրենք նամակ են հղել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին` խնդրելով կանխել ուսման վարձերի թանկացումը: «Մենք հորդորում ենք, որ այս պահին գոնե բարձրացում չկատարվի, մինչև գտնվի այլընտրանքային տարբերակ»,- ասաց Յարալովան:
Ասոցիացիայի ներկայացուցիչների խոսքով` ուսման վարձերը տարբեր բուհերում տարբեր չափով են թանկացել, օրինակ՝ Երևանի պետական համալսարանում և Երևանի տնտեսագիտական համալսարանում` 28%-ով, իսկ մի շարք բուհերում՝ 8%-ով:
Ուսանողական ասոցիացիայի անդամները որպես այլընտրանքային տարբերակ առաջարկում են ստեղծել ֆոնդ, որին բոլոր շահառուները` գործատուները, հասարակությունը, պետությունը, բուհերը, մասնավոր հատվածը, գումար կուղղեն:
«Բարձրագույն կրթությունը հասանելի է դարձել միայն էլիտաների համար, սակայն նրանք չեն հասկանում կրթության գինը, իսկ ովքեր հասկանում են՝ հնարավորություն չունեն»,-ասաց Սարգիս Ասատրյանցը` հավելելով, որ անվճար տեղերին զուգահեռ կրճատվում են տարկետման տեղերը:
Հարցին, թե որքանով է ուսանողական ասոցիացիան հնարավոր համարում վարձի թանկացման կանխումը, Ասատրյանցը պատասխանեց, որ իրականում չեն հավատում, որ ուսանողները ոտքի կկանգնեն և կպայքարեն, այդ պատճառով դիմել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն, Մարդու իրավունքների պաշտպանին և մի շարք կազմակերպությունների:
Նշենք, որ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայում ներառված են 15 բուհերի ուսխորհուրդներ: Ընդհանուր առմամբ, ասոցիացիայի անդամների թիվը 9 հազ. է: