Ամերիկյան ընկերությունը բանակցում է Որոտանի հէկը գնելու շուրջ

Նյույորյքյան «Կոնտուր Գլոբալ» (ContourGlobal) ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որ բանակցում է Հայաստանի կառավարության հետ Որոտանի հէկերի համալիրը գնելու շուրջ: «Կոնտուր Գլոբալը» միջազգային էներգետիկ ընկերություն է, որը 17 երկրներում էներգակայաններ ունի՝ ընդհանուր 3000 Մվտ հզորությամբ:

«Չնայած գործարքի պայմանները դեռևս հստակեցման փուլում են՝ գնման արժեքը զգալի կլինի, և կպահանջվի արտաքին՝ ոչ հայաստանյան աղբյուրներից ֆինանսավորում: Գնումը կիրականացվի «Կոնտուր Գլոբալ» ընկերության սեփական միջոցներից և միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Անդրծովյան մասնավոր նեդրումային կորպորացիան (OPIC), Համաշխարհային բանկի մասը կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), որի հետ մենք սերտորեն համագործակցում ենք ներգրավված միջոցների հաշվին: Ի հավելումն ամբողջական գնի՝ «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը նախատեսում է զգալի ներդրումներ կատարել էլեկտրակայաններում հիմնական գեներատորների նորոգման նպատակով: Ներդրումների պահանջը հրատապ է՝ հաշվի առնելով էլեկտրակայանների տարիքը, ինչպես նաև ներդրումների սղությունը վերջին մի քանի տարիների ընթացքում: Ներդրումների նպատակը կայանների հուսալիության բարձրացումն է` ելնելով Հայաստանի էլեկտրական ցանցերի համար հաճախականության ապահովման գործում դրանց առանցքային դերից»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Ուշագրավ է, որ հաղորդագրությունը տարածել է բուլղարական DD Agency փիար ծառայություններ իրականացնող ընկերությունը:

Վերջին շրջանում հայաստանյան մամուլում քննարկվող թեմաներից մեկն այն է, որ ռուսական գազի գնի բարձրացումը սուբսիդավորելու համար կառավարությունը կարող է վաճառել իր ակտիվներից մեկը, հավանաբար՝ Որոտանի հէկը: Մայիսի 22-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի պատրաստվում վաճառել Որոտանի հէկերի համալիրը` վերջնական սպառողի համար գազի սակագնի սուբսիդավորման նպատակով:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել