Արվեստն ու հանրությունը. քննարկում

«Կենտրոն» հեռուստատեսության «Հայկական ուրբաթ» հաղորդման շրջանակում այսօր գրականության ու մշակույթի հանրայնացման խնդիրների մասին խոսեցին գրողներ Արամ Պաչյանը, Վահրամ Մարտիրոսյանն ու Մարինե Պետրոսյանը և Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Արամ Պաչյանի դիտարկմամբ՝ իրական արվեստագետների, բարձր արվեստի համար փակ են հեռուստատեսությունները, նրանց համար մնացել է սահմանափակ տարածք. «Գրողների համար, օրինակ, մնացել է Facebook-ը, որտեղ դնում ենք մեր գործերը: Գրքերը տպագրվում են 300-500 տպաքանակով ու չեն սպառվում: Սա իշխանությունների մտածված քաղաքականության արդյունքն է: Չէ՞ որ, եթե ոչ մասսայական մշակույթին տարածք է տրամադրվում, էնտեղ հնարավոր է ըմբոստություն»:

Արձակագիր Վահրամ Մարտիրոսյանն ասաց, որ անհրաժեշտ է, որ իշխանության մարմիններն իրենց ներկայությամբ և իմացությամբ հանրության համար նախընտրելի դարձնեն մշակութային միջոցառումները: «Կարևոր չէ, թե ինչքան փող կտան, կարևորը դրանով ապրելն է, որ ձայնակցեն այդ մշակույթին, որ կարողանան Արամի գրքից, որին մրցանակ են տվել, մի հատված հիշել: Դա է կարևոր: Մեծ գումարներ են տրամադրվել մի ծրագրի, որի շրջանակում հսկայական գումար է տրվել, որ մի մարդ գա՝ համերգ տա, իրենք լսեն, վատանան, կամ, ասենք, սոցիալական գովազդ լինի, թե Գաբրիել Գարսիա Մարկեսն ինչպես է իր հայտնի վեպը գրել: Ինչո՞ւ: Այդ գումարներով հնարավոր էր հայ գրողների գրքերը ներկայացնել, հասցնել ընթերցողներին»,- ասաց նա:

Մարինե Պետրոսյանի կարծիքով՝ իշխանություններից ոչինչ պետք չէ պահանջել, «դրանք միջնադարյան խավարամտության մեջ են», մշակույթի նախարարությունը, Գրողների միությունն ու նման այլ կառույցներ էլ հիմնային վերափոխումների կարիք ունեն: «Գրողը հայտնի դառնալու երկու ճանապարհ ունի. կամ պիտի հակադրվի որևէ բանի՝ սկանդալ անի, կամ պիտի իր գրականությունը գրաքննադատների կողմից գնահատվի, արժևորվի, ներկայացվի ընթերցողին: Հայաստանում երկուսն էլ չեն գործում: Սկանդալներով էլ ոչ մեկի չես զարմացնի, գրաքննադատներ էլ չկան»,- նշեց նա՝ հավելելով, որ գրողները պիտի հանրությանը ստիպեն խոսել իրենց մասին, ոչ թե դա պահանջեն անել իշխանություններից:

Վարդան Մկրտչյանի կարծիքով ևս իշխանությունները պարտադիր չէ, որ միջամտեն մշակութային կենտրոնների կյանքին. նրանք, ովքեր ցանկանում են գործ անել, դա անում են: «Ես կարծում եմ, որ դպրոցից երեխաներին պետք է ստիպեն գնալ թատրոններ: Երեխան առաջին հերթին փնտրում է մարմնական հաճույքներ՝ թռնել, խաղալ, ուտել, պոնչիկանոց գնալ, բայց նրան պետք է ցույց տալ նաև, որ ինքը պիտի գնա Պատանի հանդիսատեսի թատրոն, պիտի գիրք կարդա և այլն»,- ասաց նա:

Մարտիրոսյանը հավաստեց, որ արվեստագետը պիտի մշտապես լինի ընդդիմադիր, և հարկ չկա խնդիր դնել, որ գրողը պիտի նվազագույնը «հացի խնդիր» լուծի, իսկ ընդհանրապես, հարկ չկա հիմա հակադրել պատշաճ եկամուտ ունենալը խղճով ապրելուն: Նա նաև փաստեց, որ գրաքննադատներ են անհրաժեշտ, որպեսզի ոչ թե ընթերցողները սոցիալական ցանցերով տարածեն ինչ-որ միջակ գրողի, իրար խորհուրդ տան, այլ՝ որոշակի վերլուծություններով համակարգված ներկայացվեն գրողները՝ նրանց տեղը, մասնագիտորեն ուղղորդեն ընթերցողին:

Վարդան Մկրտչյանը նշեց, որ փոքրիկ սուբսիդիայով Համազգային թատրոնն արձանագրում է մեծ հաջողություններ, ինչով և հպարտանում է: «Եղել է նաև մարդկանց վրա որոշակի ազդեցության դեպք: Արտագաղթի մասին ներկայացումից հետո մի ընտանիք եկավ, մեզ հետ կռիվ արեց՝ թե էս ի՞նչ արեցիք, տարանք տոմսերը հետ տվեցինք… դա… մի ընտանիք մնաց այստեղ»,- նշեց նա:

Մեկնաբանել