Ամբաստանյալներն իրար հետ համաձայնեցված ցուցմունքներ են փոխում. Պ.Հայրիկյան

Ամբաստանյալները ցուցմունքներ են փոխում. փոխում են այնպիսի ցուցմունքներ, որոնց մեջ կային մանրամասներ. «Հ1»-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրասրահում նշեց «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Ես հարցրի ամբաստանյալներին՝ կարո՞ղ է վախի ազդեցության տակ եք ցուցմունքներ փոխում, նրանք չժխտեցին»,- ասաց նա՝ ենթադրելով, որ նախապես որոշված է եղել մեղադրել մեկ մարդու, հետո՝ որոշումը փոխվել է, թեպետ հնարավոր է նաև, որ ամբաստանյալների նկատմամբ կիրառված լինի պատվեր, խոստում կամ սպառնալիք: «Ես զարմանում եմ, թե ազգային անվտանգության ծառայությունը ինչպես է իր կալանավորներին կապի նման հնարավորություններ տալիս: Իրար հետ համաձայնեցված ցուցմունքներ են փոխում: Չորս ամիս ասել են բոլորովին այլ բան՝ վստահ, մանրամասնորեն պատմել են, ցույց են տվել, ներկայացրել, հիմա փոխում են ցուցմունքները»,- նշեց նա:

Ըստ նրա՝ մահափորձը «վախեցնելու նպատակով» չէր, ինչպես ամբաստանյալներն են հայտարարել այսօր դատարանում, այլ՝ սպանելու: «Այն պահից, որ չի հաջողվել իրականացնել այդ մահափորձը, և իրենք մի քանի օր ազատության մեջ են եղել, նրանք պայմանավորվել են ասել, որ նախատեսվածը «ինձ վախեցնելու» նպատակով էր: Բայց ես չեմ մահացել ոչ թե այն պատճառով, որ դա այդպես է նախատեսված եղել, այլ՝ բախտս բերել է»,- նշեց նա:

Պարույր Հայրիկյանը հավաստեց, որ իր համար կարևոր չէ՝ Վարդան Սեդրակյանը մեղավոր է, թե ոչ, քանի որ, եթե նա մեղավոր է, միևնույնն է, մահափորձի պատվիրատու ուժի միջին օղակներից մեկն է:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ իրեն հայտնի են դատական գործի հետ առնչվող այլ մանրամասներ: «Օրինակ, Վարդան Սեդրակյանը վերադարձել է Պետերբուրգից: Պետերբուրգի իմ գործընկերները ինձ ուղարկել են նյութեր, թե ռուս շովինիստները ինչ են գրում Հայրիկյանի մասին: «Հայեր, գիտե՞ք, եթե Հայրիկյանը դառնա նախագահ…». դա շատ կարևոր փաստաթուղթ է, որը ես, իհարկե, հրապարակելու եմ: Բացի դրանից Վարդան Սեդրակյանին Ռուսաստանից ուղարկել են 100 հազար դոլար: Նոյեմբեր ամսին: Սա գործի մեջ կա: Եվ Վարդան Սեդրակյանը չի ասում, թե այդ 100 հազար դոլարը ինչու են իրեն ընդամենը երկու ամսվա գործընկերները տվել: Ինչպե՞ս դա իմացվել. հատուկ ծառայությունները լսել են, որ Վարդան Սեդրակյանից գումարը հետ են պահանջում. Հայրիկյանը չի մահացել, գումարը հետ տուր: Այս մարդկանց պաշտպանողները զբաղված են շոուներով»,- ասաց նա:

Հայրիկյանը նշեց, որ ինքը կենդանի է մնացել, իրոք, հրաշքով: «Նա [Խաչատուր Պողոսյանը], իրականում, ինձ սպանել է, ես հրաշքով եմ ողջ մնացել: Յոթ ժամ շարունակ վիրահատել են ինձ, ներվ են մաքրել»,- նշեց նա:

Լուսանկարը՝ Պ.Հայրիկյանի Facebook-ի էջից

Մեկնաբանել