Ժնև-2-ը օգոստոսից շուտ չի կայանա․ Ջոն Քերի

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պահպանում են սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային համաժողովի՝ Ժնև-2-ի անցկացման դրական տրամադրվածությունը, սակայն նրա անցկացման ամսաթիվը դեռ որոշված չէ, հաղորդում է BBC-ն։

Ինչպես հայտնել է Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Բրունեյում իրականացրած բանակցություններից հետո, կողմերը եզրահանգել են, որ համաժողովը հարկավոր է անցկացնել հնարավորինս շուտ, սակայն արդեն հստակ է, որ այն օգոստոսից շուտ չի կայանա։

Հունիսի 25-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունների մասնակիցներին հերթական անգամ չէր հաջողվել համաձայնեցնել Ժնև-2-ի անցկացման ամսաթիվը։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովի խոսքով՝ համաժողովի անցկացման ամսաթիվը չէր հաստատվել, քանի որ որոշ հարցեր, մասնավորապես՝ համաժողովին Իրանի ներկայացուցիչների մասնակցության հարցը մնում են չկարգավորված։

Հիշեցնենք, որ Ժնևում Սիրիայի հարցով միջազգային համաժողով անցկացնելու նախաձեռնությամբ մայիսի սկզբին հանդես եկան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։ Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․ հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Ի սկզբանե նախատեսվում էր համաժողովն անցկացնել հունիսի սկզբին, ավելի ուշ ժամկետները տեղափոխվեցին հուլիս։

Սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է նվազագույնը 93 հազ․ մարդ։