ՄԱԿ-ին $3,5 մլրդ է անհրաժեշտ՝ սիրիացի փախստականներին օգնելու համար

ՄԱԿ-ը հայտարարել է, որ ավելի քան 2 մլն սիրիացիների՝ փախստական դառնալու հետևանքով առաջացած ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է մոտ $3,5 մլրդ, հաղորդում է BBC-ն։

Դոնոր երկրները պետք է վերանայեն խնդրի լուծման մեջ իրենց ներդրման չափը և լինեն առատաձեռն, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը։

ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Ավելի վաղ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը նախազգուշացրել էր, որ փախստականների հետ կապված իրադրությունը կարող է ծանր անդրադառնալ Սիրիայի հարևան պետությունների վրա և հանգեցնել անկայունության ամբողջ տարածաշրջանում։

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ։

Մեկնաբանել