Ավարտվեց հերթական G20-ը

Սանկտ Պետերբուրգում ավարտվել է Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովը, հաղորդում է Euronews-ը։

Գագաթաժողովի մասնակիցներն անցկացրել են լարված աշխատանքի և միջազգային օրակարգի հիմնական խնդիրների վերաբերյալ քննարկումների երկու օր։

Գլխավոր թեմաները նվիրված են եղել տնտեսական աճին, գլոբալ տնտեսությանը, կայուն զարգացմանը։

Աշխատանքային նիստերին քննարկումներ են եղել ներդրումների, աշխատատեղերի ստեղծման և գործազրկության դեմ պայքարի շուրջ։

Քննարկվել է նաև սիրիական հարցը։

Մեծ քսանյակի երկրների առաջնորդների ընդունած ամփոփիչ հռչակագրում առաջարկվում է հրաժարվել միջոցառումներից, որոնք կարող են խաթարել գլոբալ տնտեսության վերականգնման գործընթացը։

Հռչակագրում նշվում է, որ G20-ի առաջնորդները ձգտելու են «գլոբալ տնտեսության վերականգնման արագացման, աճի ավելի բարձր տեմպերի գեներացման և լավագույն աշխատատեղերի ստեղծման՝ միաժամանակ ամրապնդելով երկարաժամկետ աճի հիմքերը, ինչպես նաև հրաժարվելով այնպիսի միջոցառումներից, որոնք կարող են խաթարել վերականգնման գործընթացը կամ աճ ապահովել որոշ երկրներում՝ ի հաշիվ մյուսների»։

Սիրիական խնդիրը G20-ի առաջնորդների հռչակագրում հիշատակված չէ՝ չնայած նրան, որ այս թեման հաճախ է բարձրացվել գագաթաժողովի ընթացքում։