Կ․ Պոլսի հույն տիեզերական պատրիարքության Սբ Անդրեյի միաբանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Ստամբուլի Սբ Սոֆիայի թանգարանի հնարավոր վերածումը մզկիթի, հաղորդում է թուրքական Hurriyet Daily News-ը։
Հայտարարությունում ասված է, որ եղել է Ստամբուլի՝ «նախ մզկիթի, ապա թանգարանի վերածված տաճարը» կրկին մզկիթի վերածելու հնարավորություն, ինչպես Սբ Սոֆիայի տաճարների նախորդ երկու դեպքերում Իզնիկում և Տրապիզոնում։
«Այժմ կան նշաններ, որ որոշ խմբավորումներ փորձում են հանրային կարծիք ձևավորել, թե Ստամբուլի Սբ Սոֆիան՝ քրիստոնեական հավատի խորհրդանիշը, պետք է վերածվի մզկիթի»,- ասված է Սբ Անդրեյ առաքյալի միաբանության հայտարարությունում։
Հայտարարությունում հիշեցվում է, որ Թուրքիայի մի քաղաքացի ամիսներ առաջ դիմում էր ներկայացրել Ազգային մեծ ժողով՝ Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու առաջարկով։
Տիեզերական պատրիարքությունը քննադատել է նաև Turkish Airlines-ի պաշտոնաթերթ Skylife-ում 2013թ․ օգոստոսին հրապարակված հոդվածը՝ վերնագրված «Այասոֆիա․ սուլթանների մզկիթ», որում մատնանշվում է թանգարանին իր նախկին «հոգևոր աուրան» վերադարձնելը՝ հիշատակելով օրերը, երբ այն ծառայել է որպես մզկիթ։
Հայտարարությունում նաև ասված է, որ հոդվածում պատմությունը միակողմանի է ներկայացված, և դա անընդունելի է։
«Տաճարի իրական պատմության՝ պատմության, որը փոխակերպել է ժողովուրդներ և մշակույթներ, կամընտրովի ներկայացումն անընդունելի է»,- նշել է Տիեզերական պատրիարքությունը։
Photo: www.archons.org
Կարդացեք նաև «Ինչ եղավ սեպտեմբեր 6-7-ին Թուրքիայում» սյունակը :