Հայտնաբերվել է նոր կտավ Վան Գոգից

Հայտնաբերվել է նոր կտավ հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգից. երկարատև հետազոտությունից հետո ապացուցվել է, որ «Արևամուտը Մոնմաժուրում» աշխատանքը պատկանում է հոլանդացի մեծ նկարչի վրձնին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Ամստերդամում Վան Գոգի թանգարանին:

«Արևամուտը Մոնմաժուրում» կտավը Վան Գոգը վրձնել է 1888-ին՝ ֆրանսիական Առլ քաղաքում բնակվելիս. նկարիչն այս շրջանը համարում էր ստեղծագործական իր ուղու գագաթնակետը:

Նկարում պատկերված են խաղողի այգիներ և բենեդիկտյան աբբայության ավերակները՝ այն ամենն, ինչը հաճախ կարելի է տեսնել նրա կտավներում:

Սեպտմեբերի 9-ին Վան Գոգի թանգարանի տնօրեն Ակսել Ռյուգերն Ամստերդամում ներկայացրել է կտավը՝ ասելով, որ այն արված է նկարչին բնորոշ վրձնահարվածներով: Թանգարանի տնօրենի խոսքով՝ նման մասշտաբի հայտնագործություն իրենք երբևէ չէին արել:

Այսուհետև աշխատանքը կցուցադրվի Ամստերդամում: