Ռուսաստանը վերադարձնում է ձմեռային ժամանակը

Ռուսաստանի Պետդումա ձմեռային ժամանակը վերադարձնելու մասին օրինագիծ է մտցվել։ Ինչպես հաղորդում է ռուսական rbc.ru կայքը, օրինագծի հեղինակը արդյունաբերության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Գուտենևն է։

Հեղինակը, վկայակոչելով Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի տվյալները, օրինագծին կցված բացատրական գրությունում նշում է, որ ռուսաստանցիների 26%-ը դժգոհ է ձմեռային ժամանակից հրաժարումից։ Ավելի քան 1/3-ով ավելացել է մարդկանց խրոնիկ քնատության տևողությունը։

Փաստաթղթում նաև նշվում է, որ շուրջտարյա ամառային ժամանակը սահմանված է միայն Ռուսաստանում։ Իսկ օրինագծի ընդունումը թույլ կտա վերադառնալ ժամանակի հաշվարկման համաշխարհային ստուգված փորձին։

Ռուսաստանի բոլոր քաղաքացիների համար ձմեռային ժամանակին անցումը չեղյալ հայտարարվեց 2011թ․ հունիսին՝ այդ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով։ Փորձագետներն ու շարքային քաղաքացիները բազմիցս քննադատեցին որոշումը, և լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ամառային ժամանակը չեղյալ հայտարարելու մտադրության մասին։

2013թ․ ապրիլին վարչապետ Մեդվեդևը, մեկնաբանելով ամառային ժամանակը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին հայտարարությունները, ասաց․ «Պետք չէ հուզվել, եկեք ապրենք այս ժամանակով։ Սակայն սա չի նշանակում, որ հարցը մեկընդմիշտ փակ է»։

2012թ. փետրվարին Ազգային ժողովը ընդունեց հանրապետականներ Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի՝ «Հայաստանի տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, և Հայաստանը հրաժարվեց «ամառային ժամանակից»։ Թե՛ կառավարությունը, թե՛ պատգամավորները որևէ լուրջ հիմնավորում չէին ներկայացրել «ամառային ժամանակից» հրաժարվելու անհրաժեշտության շուրջ։ Իհարկե, օրինագծի վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության հիմնավորման մեջ նշվում էր, որ Հայաստանը գտնվում է UTC+4 ժամային գոտում, սակայն երկրի աշխարհագրական դիրքը թելադրում է UTC+3 ժամային գոտուն անցնելու անհրաժեշտություն, բայց թե ինչպիսի տնտեսական հետևանքներ կունենա փոփոխությունը, նախարարությունն այդպես էլ չներկայացրեց։
Իրականում «ամառային ժամանակից» հրաժարվելու քայլը պայմանավորված էր Ռուսաստանում 2011-ի գարնանից ձմեռային և ամառային ժամերի անցում կատարելու կարգի վերացմամբ։ Ներկայում Ռուսաստանում «ամառային ժամերի» վերականգնումը ամենայն հավանականությամբ կբերի նաև Հայաստանում «ձռեմային ժամերի» վերականգնման։

Մեկնաբանել