Տեղի է ունեցել ուղղորդված քվեարկություն, սակայն բողոքարկելու համար իրավական հիմքեր չկան. Տ. Ուրիխանյան

«Քրեական հետևանքներով խախտումներ, անշուշտ, եղել են, բայց դրանց թիվը, նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների, վստահված անձանց, անկախ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների աշխատանքի, բավականին փոքրաթիվ է եղել, և հետևաբար, վերջնական արդյունքի վրա էական ազդեցություն չի ունեցել»,- ՍիվիլՆեթի տաղավարում ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ զրուցելով նոյեմբերի 10-ին Արարատում կայացած քաղաքապետի ընտրությունների մասին, և թե ինչու կուսակցության անդամները, հայտարարելով ընտրակեղծիքների և կասկածելի ընտրությունների մասին, այնուամենայնիվ, չեն բողոքարկել դրանք:

Ուրիխանյանը նաև ընդգծեց, որ զանգվածային, համատարած խախտումներ բոլոր տեղամասերում, որոնք արձանագրվել են օրինակ՝ հաշվարկի գործընթացը սկզբից մինչև ավարտը նկարահանող տարբեր լրատվամիջոցների տեսախցիկների կողմից, խոսում են կարգը շրջանցելու մասին, սակայն «օրենքի տառով չկարգավորվող դեպքերում»: Որպես իր խոսքի ապացույց՝ նա մատնանշեց դեպքերը, երբ ընտրողների կողմից քվեատուփերի մեջ քվեաթերթիկները նետվել են անկյունները ծալած, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեատուփ նետված 80-90% քվեաթերթիկների մասին: «Սա խոսում է այն մասին, որ ընտրողները համատարած տվյալ պահին կամ ունեցել են ստեղծագործելու պոռթկում կամ ցանկացել են նշել իրենց քվեարկությունը»,- հավելեց ԲՀԿ խոսնակը՝ համաձայնելով, որ տեղի է ունեցել ուղղորդված քվեարկություն, սակայն բողոքարկելու համար իրավական հիմքեր չկան:

Դիտարկմանը, որ ընտրությունների կազմակերպման վերոնշյալ մոդելի շրջանակում յուրաքանչյուր ընտրության ժամանակ, յուրաքանչյուր վայրում, կարելի է շատ հանգիստ գրանցել հաղթանակ իշխող կուսակցության օգտին, չգտնելով որևէ խախտում, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Անշուշտ, եթե բնակչության թիվը լիներ ավելի մեծ, եթե կրկնակի և եռակի թվով քվեարկողներ հայտնեին իրենց դիրքորոշումը հօգուտ ԲՀԿ թեկնածուի, միգուցե մենք կարողանայինք գերազանցել համահանրապետական բոլոր ռեսուրսների կենտրոնացումը ու գործածումը իշխանությունների կողմից և արձանագրել հաղթանակ, ինչպես բազմիցս եղել է: Բայց պետական կառավարման համակարգում՝ միմիայն խորհրդարանում 35 հոգանոց խմբակցությամբ ներկայացված քաղաքական ուժը, բացի ժողովրդի վստահությունը, աջակցությունն ու հավատը, որևէ այլ լծակ չունի»:

Խոսելով Արարատում ոստիկանական ուժերի՝ «Սպեցնազի» և ճանապարհային ոստիկանության առկայության մասին՝ Ուրիխանյանը շեշտեց, որ երբևէ, որևէ ընտրության՝ հատկապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ, չի տեսել ոստիկանական ռեսուրսի նման կենտրոնացում, կուտակում և գործածություն: «Ի՞նչ էին անում իրենք և ինչու՞ էին ոստիկանության ներկայացուցիչները առնչվում հատկապես ԲՀԿ անդամների և կուսակցության թեկնածուի շտաբերի ներկայացուցիչների հետ: Սրանք հռետորական հարցեր են, որոնց պատասխանը հանրությունը, կարծում եմ, ունի»,- ասաց ՍիվիլՆեթի զրուցակիցը:

Զրույցի ավարտին անդրադարձ եղավ նաև Վերահսկիչ պալատի նախագահի ընտրություններին և այն հանգամանքին, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել Իշխան Զաքարյանի թեկնածությանը, որը ժողովրդի կողմից ընկալվում է՝ որպես գործող համակարգի «ոչ հեղինակավոր գործիչ» և արդյոք դա չի նշանակում աջակցություն համակարգին: Ուրիխանյանը նշեց, որ բացարձակապես երկրորդական է, թե ինչ ֆիզիկական անձ է ներկայացված այս կամ այն պետակա պաշտոնի ղեկավարումը ստանձնելուն և իրենց կուսակցությունն առաջնորդվել է իրականացրած գործողություններով:

«Վերջին շրջանում Իշխան Զաքարյանը հանդես է եկել խիստ քննադատությամբ, բարձրացրել է սուր հարցեր, կոնկրետ խախտումներ և որոշ հետևանքներ, այո, եղան: Եվ եթե «Բարգավաճ Հայաստանը» դեմ քվեարկեր, հարց կառաջանար՝ ինչու մենք դեմ եղանք այն մարդուն, որը այդ կառույցի գործունեությունը տարավ կեղծիքներ, խախտումներ, չարաշահումներ, հանցագործություններ, պետական բյուջեից գողություններ բացահայտելուն»,- նշեց Ուրիխանյանը:

Հաղորդավարի այն դիտարկմանը, որ, այսպիսով, կարելի է համարել, որ ԲՀԿ-ն դրական է գնահատում Իշխան Զաքարյանի գործունեությունը, կուսակցության խոսնակը պատասխանեց. «Մենք չենք խոսել դրա մասին, որովհետև միշտ պետք է սպասել ավելիին, բայցի այդ՝ որևէ այլ թեկնածու ներկայացված չէր»:

Մեկնաբանել