Նախահեղափոխական դասական իրավիճակ

Հայաստանում արդեն շատ վաղուց արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա, սակայն նման սուր պահանջարկի պայմաններում որևէ փոփոխություն չի կատարվում: Իշխանափոխությունը և Սերժ Սարգսյանի հրաժարականը վաղուց հասունացած և այլընտրանք չունեցող պահանջներ են՝ օբյեկտիվ հիմնավորումներով և վիճակագրությամբ: Սակայն տարօրինակ կերպով իշխանափոխության գործընթացի գեներացիա տեղի չի ունենում: Ավելին, այդ գործընթացի բացակայությունը կամ իմիտացիան հանրության շրջանում ավելի են խորացնում հիասթափության և անզորության տրամադրությունները:

Ստեղծվել է նախահեղափոխական դասական իրավիճակ, երբ «վերևները չեն կարողանում, ներքևները չեն ուզում»: Սակայն խնդիրը «վերևները» և «ներքևները» չեն: «Վերևները» շատ արագ հեռացող են՝ քաղաքական մասշտաբային հակազդցության և հրաժարականի պահանջի ձևակերպման դեպքում, քանի որ գործող իշխանությունը իշխանություն պահելու որևէ ռեսուրս չունի: Իսկ «ներքևներն» էլ միշտ պատրաստ են ակտիվ մասնակցելու իշխանափոխության գործընթացին, քանի որ նրանք էլ իրենց հերթին այլևս գոյատևելու և համբերելու ռեսուրս չունեն:

Սերժ Սարգսյանին և նրա Հանրապետական կուսակցությանը հրաժարականի պահանջ պարտադրելու համար պակասում է ամենակարևոր միջանկյալ օղակը՝ ընդդիմադիր քաղաքական էլիտան: Ինչպես ավտոմեքենան առանց ղեկի հնարավոր չէ վարել, այնպես էլ իշխանափոխությունը կամ թավշյա հեղափոխությունը հնարավոր չէ կազմակերպել առանց առաջնորդող էլիտայի: Սա այն օղակն է, որը ձևակերպելու է խնդիրը, կազմակերպելու է, ուղղորդելու է և առաջնորդելու է հանրությանը: Բացի հանրային հրապարակային ճնշումից, գործող իշխանությունը որևէ այլ կերպ չի հեռանալու. այլընտրանքը միայն պալատական հեղաշրջումն է: Բայց իշխանությունը հետևողականորեն չեզոքացրել ու մարգինալացրել է ընդդիմադիր էլիտայի մեծ մասին. գերակշռող մասը հանուն անձնական շահի և նյութական բարիքների ինքնակամ է մեկուսացել:

Արարատում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունը գրեթե կատարելության է հասցրել ընտրակեղծիքների մեխանիզմը: Իշխանության սահմանած խաղի կանոններով պետական մեքենային ընտրությունների միջոցով հաղթելը գրեթե անհնար է: Անհարժեշտ է քաղաքական պայքար և քաղաքական հակազդեցություն: ԲՀԿ-ն Արարատի ընտրությունների ժամանակ իշխանության դեմ պայքարում էր ապաքաղաքական կոդերով և նրա հետ մրցակցում էր նրանց իսկ սահմանած խաղի կանոններով: Այդպիսի դեպքերում գործող իշխանությունը միշտ «հաղթում» է: Սերժ Սարգսյանը, լինելով ապաքաղաքական-նոմենկլատուրային գործիչ, առավել քան զգուշանում է քաղաքական պայքարից ու մրցակցությունից: Քաղաքական հարթության մեջ նա և նրա թիմը անզոր ու անօգնական են:

Երբ հասարակության և իշխանության միջև հանգրվանած ընդդիմադիր քաղաքական էլիտան չի իրականացնում իր բուն գործառույթները, ոչ լեգիտիմ իշխանությունը վերարտադրվելու անսպառ հնարավորություն է ստանում, որն ավարտվում է այրունոտ ապստամբություններով:

Մեկնաբանել