Դավութօղլուն Երևանում է

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արդեն Երևանում է. ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցից, այս մասին հայտնել են հյուրանոցում գտնվող թուրք լրագրողները, որոնք Դավութօղլուի հետ ժամանել են Երևան` լուսաբանելու Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը:

Նստաշրջանի ընթացքում կամփոփվեն կազմակերպությանում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները: Հավաքին արտգործնախարարների մակարդակով միայն երեք երկիր է մասնակցում ` Հայաստանը, Թուրքիան և Բուլղարիան: Նիստը կմեկնարկի ժամը 10:00-ին:

Միաժամանակ` «Արմենիա Մարիոթի» դիմաց մի շարք երիտասարդական միություններ բողոքի ակցիա են կազմակերպել Դավութօղլուի այցի կապակցությամբ:

Նախարարական հանդիպմանը ՍԾՏՀ-ում նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Բուլղարիային: Հայաստանը նախագահությունը ստանձնել էր 2013թ. հունիսի 21-ին:

ՍիվիլՆեթն ավելի վաղ գրել էր, որ Ադրբեջանը կմասնակցի երևանյան նիստին. արտգործնախարար Էլմար Մամեդյարովի փոխարեն Երևան կժամանի արտգործնախարարության տնտեսական համագործակցության բաժնի ղեկավար Շովղի Մեհթիզադեն:

Մեկնաբանել