Առաքելի հարցը

Առաքելը երկար լռելուց հետո չհասկացավ վերադասի հանդուրժողականությունը:

Առաքելը շատ էր լռել: Նրա լռության մասին բամբասում էին ու սուտ բաներ ասում: Ասում էին`իբր խոսել չգիտի, բայց օրենք է հնարում, ասում էին, թե այսքան տարվա մեջ մի բան չի ասել Առաքելը, որովհետև չի կարողանում: Չէ, խոսել կարողանում է, բայց իզուր բամբասում էին, թե Առաքելը միտք չի կարողանում ասել: Լռեց Առաքելը, երկար լռեց, լռեց այնքան, որ նրա լռության մեջ կամաց-կամաց սկսեց իմաստ հայտնվել: Չէ, սուտ եմ ասում: Նման բան չկա: Ոչ մի բան էլ չէր հայտնվում, ուղղակի Առաքելը լռում էր:

Օրը ցուրտ էր: Միգուցե ցուրտն էլ դեր ունեցավ Առաքելի համարյա անարատ լռությունը խախտելու մեջ, բայց ցուրտը դրսում էր, Առաքելը՝ ներսում:

Հետո չդիմացավ Առաքելի զսպված հոգին, ու դուրս թռավ խոսքը նրա խոշոր մարմնից, ինչպես՝ վանդակից հովազը, ինչպես՝ երգը կոկորդից, ինչպես՝ «ի զեն»-ը կրակոտ ու ազատատենչ մարտիկի շնչափողից:

Կարմիր փայտով պարուրված դահլիճը փոքր թվաց մի պահ Առաքելի հնչեցրած հարցի համար: Նա անկեղծ էր, բացարձակ անկեղծ: Իր տված հարցի պատասխանն Առաքելն իսկապես ուզեց լսել, նա ձև չէր անում, թե իրոք մտահոգ է այդ հարցով: Առաքելն իրոք մտահոգվել էր…

Ու թող բամաբասանք չանեն, թե նրան ոչինչ չի հուզում, քանի որ ոչինչ հասու չէ: Որովհետև երբ վերադասը հրահանգեց բանի տեղ չդնել նրանց, ովքեր փորձում են խանգարել չարիքի կայացմանը, չնկատել սատանայի դեմ դուրս եկած հրեշտակներին, Առաքելն ընդվզեց: Առաքելն առաջին անգամ էր ընդվզում: Իր երկարահամբավ լռությունից հետո նա կանգնեց կարմիր փայտով պարուրած սիրուն դահլիճի ուղիղ մեջտեղում, ուղղեց մեջքը, վեր պահեց գլուխը ու հարցրեց. «Որ մեր էլ քրֆեն ձեն չհանե՞նք»…

Ոչ միայն երևույթը, այսինքն այն, որ Առաքելը հարց ունի ու հարցը հասունացել է այնքան, որ նա էլ զսպել չի կարողանում, վերադասին զարմացրեց նաև հարցի բովանդակությունը: Չէ, չզարմացրեց, ավելի ճիշտ՝ զայրացրեց, որովհետև վերադասը հասկանում էր, որ այդ հարցը տալու հարց չէր ու հասկանում էր նաև, որ իր էս հարցով Առաքելը հարվածի տակ դրեց նախևառաջ վերադասի արդեն հղկվող կերպարը…

«…որ մեր էլ քրֆեն էլի հանգիստ նստե՞նք»-ը հնչեց որպես սուրգուչե կնիք մինչ այդ ասված բոլոր բամբասանքների, ասեկոսեների, զարմանալի, զարմանլի պատումների ու զրույցների՝ առասպելական գույներով ու հյութեղ մանրամասներով պատմությունների տակ: Վերադասը ջղաձգվեց, դեմքի շինծու անտարբերությամբ թրթռացրեց խորամանկ, բայց նյարդային դիմախաղը ու պատասխանեց. «Կարո՞ղ ա հայերեն չեմ ասում»…

Առաքելը հարց էր տվել: Օրը խառն էր: Մարդիկ չնկատեցին Առաքելի հարցը… Ու ամենաանարդարը թերևս այն էր, որ հարցը պատասխան չստացավ, որովհետև վերադասն այնուամենայնիվ չիմացավ՝ «եթե մեր քրֆեն, ինչ ա պետք անել», ու քանի որ չիմացավ, հարցին պատասխանեց հարցով:

Նշում. կայքում հրապարակվող տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի խմբագրության տեսակետին:

Մեկնաբանել